Անհայտ անձինք Վորլդ Վիժնի անունից Երևանի մի քանի բնակիչների խոստացել են վճարել կոմունալ վարձերը

Հինգշաբթի, Փետրվար 9, 2017

Երևան, Հայաստան. Նախորդ ամսվա ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ազգային գրասենյակ ահազանգել են բնակիչներ Արաբկիր ու Աջափնյակ համայնքներից: Ահազանգողները տեղեկացրել են, որ իրենց տուն են այցելել անծանոթ անձինք, ներկայացել են որպես Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցներ և խոստացել են, որ Վորլդ Վիժն կազմակերպությունը կվճարի իրենց կոմունալ վճարները` այդպիսով իսկ անհիմն հուսադրելով և անհանգստություն պատճառելով բնակիչներին: 

Վորլդ Վիժն Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք չի ունեցել և այժմ ևս չունի նման ծրագիր, որի շրջանակներում դրամական օգնություն է տրամադրում բնակիչներին: Ավելին` Վորլդ Վիժնի աշխատակիցները միշտ այցելություններ են կատարում իրենց անձը հաստատող աշխատանքային անվանաքարտերով` նախապես տեղեկացնելով այցելության մասին:

Խորապես անհանգստացած լինելով ստեղծված իրավիճակով` Վորլդ Վիժն Հայաստանը հաղորդում է տվել տեղի ունեցած զանգերի մասին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մալաթիայի բաժիններ: