Մեկնարկեց «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը

Երկուշաբթի, Դեկտեմբեր 4, 2017

2017թ. դեկտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը ազդարարեցին «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» համատեղ ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

Եռամյա ծրագիրը, որը ներգրավելու է Հայաստանի բոլոր մարզերն ու մայրաքաղաքը, ն իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից: Առաջիկա տարիների ընթացքում, ծրագիրը կաջակցի տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաև սերտորեն կաշխատի թիրախային համայնքների հետ՝ աջակցելով սոցիալական խնդիրների հայտնաբերման, կանխման և հասցեագրման կարողությունների զարգացմանը ՝ այդպիսով խթանելով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների կայացումը: 

«Մենք կարևորում ենք սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության և տեղական գործընկերների հետ մեր սերտ ու շարունակական համագործակցությունը»,- ողջույնի իր խոսքում նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Դեբորա Գրիզերը: «Նոր ծրագիրը հենվելու է սոցիալական պաշտպանության և տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին աջակցող ԱՄՆ ՄԶԳ այլ ծրագրերի ձեռքբերումների վրա: Հայաստանի 264 համայնքներում ավելի քան 50 համայնքային սոցիալ աշխատող կներդրվեն ծրագրի արդյունքում` հզորացնելով սոցիալական պաշտպանության ոլորտը համայնքային մակարդակում և արձագանքելով խոցելի մարդկանց կարիքներին»:  

Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ ծրագիրը թույլ կտա սոցիալական ծառայություններն էլ ավելի մոտեցնել համայնքին: «Ծառայությունները կդառնան առավել հասանելի, իսկ տարբեր մակարդակներում առկա սոցիալական ծառայությունների միջև համագործակցության բարելավումը միմիայն դրական ազդեցություն կունենա առավել խոցելի ընտանիքների կյանքի որակի բարելավման գործում»: 

Իր հերթին, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասաց, որ հիմնադրամը ծրագրային աշխատանքներ է ծավալելու 4 մարզերում, որտեղ սոցիալական աշխատանքի խթանմանն ուղղված համալիր միջոցառումներ դեռևս չեն իրականացվել: «Ընդհանուր առմամբ, ծրագիրը թույլ կտա հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միևնույն մեթոդաբանությամբ աշխատող համայնքի սոցիալական աշխատողներ, որոնք, մոտ գտնվելով բնակչությանը, կօգնեն առավել արդյունավետ և թիրախավորված կերպով հասցեագրել խնդիրները», - ասել է նա:     

                           

Ծրագրի մասին

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Ծրագրի հիմնական աշխատանքներն ուղղվելու են տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդնմանը՝ համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի իրավական կարգավորումների վերաբերյալ օրենսդրության ընդունումը և կիրարկումը խթանելու, ինչպես  նաև համայնքի սոցիալական աշխատողների կարողությունները զարգացնելու և տեղական ինքնակառավարման համակարգ ինտեգրման կայուն մեխանիզմներ ներդնելու ճանապարհով: 

Ծրագիրը նպատակ է հետապնդում զարգացնելու համայնքների կարողությունը՝ հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու իրենց սոցիալական խնդիրները՝ համայնքային և մարզային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարների համակարգման և համագործակցության լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կայունության զարգացման միջոցով: