Մեկնարկում է «Բիզնես գաղափարների զարգացում և ինկուբացիա» ծրագիրը

Ուրբաթ, Հունիս 16, 2017

Մեկնարկում է «Ձեռնարկատիրական հմտություններ և բիզնես աջակցություն, դասընթաց, քոչինգ/ուղղորդում, ինկուբացիա» ծրագիրը, որի նպատակն է՝ կատարելագործել, միասին փորձարկել, կյանքի կոչել ձեր բիզնես գաղափարներն ու նպաստել ձեր ձեռնարկությունների կայուն զարգացմանը։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Այ Էյ Բի» Բիզնեսի Միջազգային Ակադեմիան և ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Ճանաչել։ Պաշտպանել։ Իրագործել։» և Վորլդ Վիժն Հայաստանի «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների տնտեսական հզորացման» ծրագրերի շրջանակներում։

Ծրագիրը բաղկացած է տեղեկատվական, գործնական, մասնագիտական խորհրդատվության և բիզնես ինկուբացիայի փուլերից: Մասնակիցները ձեռք կբերեն բիզնեսի պլանավորման, շուկայավարման, արտադրական և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Լավագույն բիզնես գաղափարները, ամենակենսունակ բիզնես պլաններն ու ամենաակտիվ բիզնես թիմերը կունենան ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորություն: Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 ամիս է, որի առաջին 2 ամսվա ընթացքում մասնակիցները կվերլուծեն, կփորձարկեն գործարար գաղափարները և կմշակեն անհատական բիզնես պլաններ: Ամեն փուլից հետո կկատարվի կենսունակ գաղափարների գնահատում, և լավագույնները կտեղափոխվեն հաջորդ փուլ։ Դասընթացների 20%-ը տեսական ուսումնառություն է, 80%-ը` գործնական աշխատանք սեփական գաղափարի զարգացման ուղղությամբ: Արդյունքում լավագույն թիմերը, ամենակենսունակ բիզնես պլանները կներկայացվեն ֆինանսավորման՝ դրամաշնորհի, անտոկոս փոխառության կամ ցածր տոկոսադրույքով վարկավորման ձևով: Հաջորդ 8 ամսվա ընթացքում փորձագետների օգնությամբ, քոչինգի և մենթո-րինգի միջոցով, կյանքի կկոչվեն գործարար ծրագրերը, զարգացում կապրեն արդեն հիմնադրված ձեռնարկությունները: Մեր փորձագետները կուղեկցեն ու կաջակցեն մասնակիցներին` բիզնեսի կայացման յուրաքանչյուր փուլում:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • սիրիահայեր՝ գործարար գաղափարներ ունեցող և/կամ մինչև երեք տարի գրանցում ունեցող սկսնակ գործարարներ․
  • փախստականներ՝ գործարար գաղափարներ ունեցող և/կամ մինչև երեք տարի գրանցում ունեցող սկսնակ գործարարներ․
  • այլ անձինք՝ գործարար գաղափարներ ունեցող ՀՀ քաղաքացիներ։

Ծրագրի նպատակն է՝

  • բարձրացնել ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակը,
  • զարգացնել գործարար ունակություններն ու հմտությունները,
  • բացահայտել նոր գործարար գաղափարներ,
  •  համակողմանի աջակցություն տրամադրել նոր ստեղծվող բիզնեսներին՝ քոչինգի և մենթորինգի միջոցով,
  • ապահովել ֆինանսական աջակցության հասանելիություն,
  • նպաստել ձեռնարկությունների/բիզնեսների կայուն զարգացմանը՝ բիզնես ինկուբացիայի միջոցով։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 094 27 55 27

Ծրագրին մասնակցելու համար լրացնել հայտաձևը հետևյալ հղումով ` https://goo.gl/HGuwVB