Խաղեր, մրցույթներ ու թխվածքաբլիթների պատրաստում Ձմեռային այգում

Երկուշաբթի, Հունվար 23, 2017

Հունվարի 22-ին Ձմեռային այգում շատ աշխույժ և ուրախ տրամադրություն էր. «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում անկացվում էր մի քանի ընտանիքների մասնակցությամբ միջոցառում, որը կազմակերպել էր Վորլդ Վիժնի Երևանի տարածքային գրասենյակը: 

Միջոցառման ընթացքում ծնողներն ակտիվ խաղացին իրենց երեխաների հետ, նրանց հետ միասին մասնակցեցին տարբեր զվարճալի մրցույթների, այնուհետև հայրիկները երեխաների հետ թխվածքաբլիթներ պատրաստեցին մայրիկների համար: 

«Այս միջոցառման նպատակն է հասարակության մեջ տարածել այն մոտեցումը, որ հայրիկները մայրիկների հետ հավասարապես պետք է մասնակցեն երեխայի դաստիարակության և զարգացման գործընթացին. նման նախաձեռնությունների արդյունքում այս ընտանիքներն աստիճանաբար դառնում են օրինակելի իրենց շրջապատում և կոտրում են արդեն ձևավորված կարծրատիպերը»,- ասում է Վորլդ Վիժնի Երևանի տարածքային գրասենյակի ղեկավար Մարինա Հովհաննիսյանը:

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես: Ազգային մակարդակում ծրագիրն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը։ Ծրագիրը իրականացվում է նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը:

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրն անցկացվում է Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ուր Վորլդ Վիժն Հայաստանն արդեն ունի ձևավորված թիմեր ու զարգացման երկարաժամկետ ծրագրեր: Ծրագիրը կշարունակվի մինչ 2019 թվականը։