Անցկացվեց «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը

Երկուշաբթի, Ապրիլ 16, 2018

Ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ացկացվեց «Էկոտուրիզմը Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին նաև Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչները:

Տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը խոսեց տեղական տնտեսական զարգացման եղանակների մասին, իսկ Երիտասարդական ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանն անդրադարձավ երիտասարդության շրջանում սոցիալական ձեռնարկատիրության ծավալման խնդիրներին ու պատմեց, թե ինչպես է Վորլդ Վիժն Հայաստանը լուծում դրանք: «Հատկապես մարզերում ապրող երիտասարդների համար լուրջ խնդիր է ներգրավվել սոցիալական ձեռնարկատիրության մեջ, քանի որ ֆինանսական կառույցները անվստահությամբ են վերաբերվում երիտասարդներին, բացի այդ` կա ձեռնարկատիրության ոլորտի գիտելիքների ու կրեատիվ մոտեցման լուրջ պակաս: Վորլդ Վիժն Հայաստանը փորձում է լուծել այս խնդիրները, և արդյունքներն արդեն վկայում են մեր հաջողությունների մասին. մեր ակումբներում ներգրավված 1500 երիտասարդներ այսօր սովորում են առաջնորդ, ակտիվ քաղաքացի լինել, աշխատանք գտնել ու ձեռնարկատիրությամբ զբաղվել: Արդեն իսկ ունենք 20 նախաձեռնություն, որոնց համար հաջողվել է ֆինանսավորում գտնել»,-ասում է Լիանա Սարգսյանը:

Վահե Դարբինյանը` «EU4Tourism. Համայնքային գյուղական զբոսաշրջության և մշակութային գործունեություն Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերում» ծրագրի ղեկավարը, նույնպես ելույթ ունեցավ` անդրադառնալով համայնքի դերի բարձրացմանը զբոսաշրջության մեջ:

Համաժողովի նպատակն էր խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: