Poverty graduation _ Armenia_ Serine

Չորս երեխայի մայրիկ Սերինեն վստահությամբ և համբերությամբ առաջ է շարժվում՝ ապահովելով լավագույն խնամքը իր երեխաներին

Սերինեն չորս երեխաների մայրիկ է՝ երկվորյակ աղջիկները, մեծ աղջիկն ու հաշմանդամություն ունեցող տղան: Տունը, որտեղ ապրում են՝ վարձով է: Մշտական աշխատանք չունեն ու այգին չեն կարողանում մշակել, քանի որ գյուղում ջուր չկա:

Սերինեն տնային տնտեսուհի է, նաև հրաշալի ասեղնագործում է, թղթերից դեկորներ պատրաստում, սիրում է ձեռքի աշխատանքներ կատարել:

«Մեզ նման դժվար պայմաններում ապրողներ շատ կան: Մի կերպ հասցնում ենք գոնե սնունդի մասին հոգալ: Միշտ մտածում էի, որ եթե կարի մեքենա ունենամ՝ կկարողանամ ընտանիքիս հոգսը թեթևացնեմ»ասում է Սերինեն:

Ամեն ինչ փոխվեց, երբ Վորդլ Վիժնի աշխատակիցներն այցելեցին Սերինեին և առաջարկեցին նրան աջակցել «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում։

Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցումերեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրումաջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները տնտեսական զարգացման մասնագետների հետ միասին մշակեցին զարգացման պլան Սերինեի ընտանիքի համար, և այդ ծրագրի հիմնաքարը դարձավ Սերինեի համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծումը՝ կարուձևի փոքրիկ բիզնես հիմնելու ճանապարհով։

«Նրանք իրենց հաշվին ինձ ուղարկեցին եռամսյա դաընթացների։ Երբ արդեն հմտացել էի կար ու ձևի մեջ, ինձ տվեցին կարի մի ընտիր մեքենա, - հիշում է Սերինեն, - սրբիչներ էի կարում, բայց համավարակի ու պատերազմի պատճառով՝ մարդկանց մոտ դրամը քչացավ, էլ չեն գնում սրբիչներ: Վորլդ Վիժն աշխատակիցների համար էլ եմ կարել, ինձ օգնելու համար գնել են: Հիմա, երբ շատ հաճախորդներ չունեմ, իմ ընտանիքի համար եմ կար անում՝ շալվար կարճացնում… աղջիկներիս, տան համար որոշ բաներ կարում եմ, ու սպասում եմ, որ ժամանակները փոխվեն դեպի լավը ու նորից կարողանամ սրբիչներ կարել ու վաճառել»:

«Աղջիկներս Վորլդ Վիժնի մասին որ լսում են՝ ճամբարն են հիշում, որ ամեն ամառ կազմակերպվում է: Նրանք հաճախել են այդ ճամբար ու շատ են հավանել» շարունակում է Սերինեն:

Արփին 12 տարեկան է և ճամբարի մասին պատմում է ուրախությամբ. «Ես շատ եմ հավանել ճամբարները, այնտեղ նոր ընկերների հետ եմ ծանոթացել ու շատ նոր բաներ եմ սովորել» հիշում է Արփին:

Սերինեի ավագ դուստրը՝ Մարինեն հաճախում է Վորլդ Վիժնի կողմից հիմնված «ՍՔԱՅ» ակումբ, որտեղ համայնքի երիտասարդները համատեղ կրթական ծրագրեր են իրականացնում, ինչպես նաև սովորում են կարևոր կյանքի հմտություններ։ Այս հմտությունները թույլ են տալիս երիտասարդներին կողմնորոշվել աշխատաշուկայում, պլանավորել իրենց կարիերան, գտնել պահաջված աշխատանք և վաստակել իրենց ապրուստը հենց իրենց համայնքներում։

Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները շարունակում են աշխատել Սերինեի ընտանիքի հետ։ Սերինեն մասնակցել է մի շարք դասընթացների՝ սովորել է դրական ծնողավարության և դաստիարակության մասին, սակայն ամենակարևորը գիտելիքը Սերինեն ստացել է՝ մասնակցելով Վորլդ Վիժնի «Խնայողությունների և ֆինանսական գրագիտության» դասընթացին։

 «Ես սովորեցին ավելի խելացի ծախսել իմ գումարը, մտածել վաղվա մասին և որոշել, թե որ ծախսն է առաջնահերթ։ Սկզբում դժվար էր, բայց շատ շահեկան էր մեզ համար»․ ասում է Սերինեն։

«Վորլդ Վիժնը մեզ շատ է օգնել, թե սննդով, թե հիգիենայի պարագաներով, հատկապես՝ համավարակի ընթացքում։ Ես միշտ կարող եմ խորհրդի համար դիմել Վորլդ Վիժնի աշխատակիցներին, և նրանք կլսեն, կբացատրեն շատ հոգատար և բարի ձայնով։ Մենք առաջ ենք շարժում՝ համբերությամբ, և ես վստահ եմ, որ մեր կյանքը կբարելավի»․ ասում է Սերինեն։

«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունավետությունը կայուն է: Ծրագրին մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել կյանքի որակը: