Բանիմաց սոցիալական աշխատող՝ պաշտպանված ընտանիքներ համայնքում

Liana's story
Երկուշաբթի, Մարտ 9, 2020

Լիանայի ընտանիքն ապրում է Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում[1]: Երկու տարի առաջ ընտանիքը հայտնվեց ծանր կացության մեջ, երբ Լիանայի ամուսինը` Ահարոնը մեքենայով վթարի ենթարկվեց: Վնասվածքները լուրջ չէին, բայց մեքենան, որը ծառայում էր տաքսի վարելու համար, այլևս հնարավոր չէր վերանորոգել: Ընտանիքի կարիքները հոգալու համար ամուսինները ժամանակավորապես տեղափոխվեցին Ռուսաստան` 2 երեխաներին` Արտակին ու Գևորգին թողնելով տատիկի խնամքին: Նրանք շարունակում էին դպրոց գնալ, բայց ծնողների բացակայությունը վատ էիր անդրադառնում առաջադիմության վրա:

Մյուս կողմից` տատիկն ուներ առողջական խնդիրներ, բայց շարունակում էր աշխատել: Ընտանիքի միակ կայուն եկամուտը տատիկի նվազագույն աշխատավարձն էր,  որը չէր բավականացնում կարիքները հոգալու համար: Առողջական խնդիրներ սկսվեցին նաև Արտակի մոտ: Ամիսներ անց երեխաների ծնողները վերադարձան, բայց ընտանիքի սոցիալական վիճակը դեռևս անկայուն էր. պարտքերը շարունակվում էին կուտակվել, նաև բնակարանը կորցնելու վտանգ կար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ու Վորլդ Վիժնի  և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում Ջերմուկ համայնքի սոցիալական աշխատողը մարզային համակարգողի օգնությամբ սկսեց աշխատել ընտանիքի  հետ` կատարելով կարիքների խորքային գնահատում:

Լիանան ուներ մատնահարդարման հմտություններ, սակայն չէր կարողանում աշխատել` պրոֆեսիոնալ գործիքներ չունենալու պատճառով: Համայնքային սոց. աշխատողը, Սոցիալական աջակցության տարածքային բաժնի (ՍԱՏԲ) մասնագետի ու ծրագրի մարզային համակարգողի հետ միասին  կազմեց միջամտության համապարփակ պլան` հիմնվելով ընտանիքի հրատապ կարիքների վրա: Արդյունքում Մանկական զարգացման հիմնադրամը Լիանային տրամադրեց մատնահարդարի գործիքներ:

Բացի այդ` Լիանան ուղղորդվեց Համայնքային զբաղվածության կենտրոն` տեղեկանալու հնարավոր մասնագիտական դասընթացների մասին:

Ընտանիքը ստացավ նաև երեխայի առողջական հարցերը լուծելու խորհրդատվություն, որի արդյունքում հնարավոր դարձավ պոլիկլինիկայից ուղեգրի միջոցով անվճար բուժում ստանալ հիվանդանոցում:

Լիանան նաև ներգրավվեց երկօրյա «Խնայողությունների խաղ և ֆինանսական գրագիտություն» դասընթացքում, որը կազմակերպել էր Վորլդ Վիժնը: Արդյունքում նա ստացավ ընտանիքի միջոցները ճիշտ կառավարելու և խնայելու գիտելիքներ:

Հաջորդ քայլը ընտանիքի հոր` Ահարոնի աշխատանք գտնելն էր. նա սկսեց աշխատել որպես ավտոմեքենաների մեխանիկ` ստանալով կայուն եկամուտ:

Միջամտություններից հետո այս ընտանիքն ունի արդեն կայուն եկամուտ: Ծնողներն այժմ ի վիճակի են հոգալ ընտանիքի կարիքները, ծրագրում են նույնիսկ փոքր բիզնես սկսել` բացել գեղեցկության սրահ, որտեղ մայրիկը ավելի շատ հաճախորդների կկարողանա սպասարկել: Երեխաներն իրենց ապահով են զգում, սկսել են ավելի լավ սովորել դպրոցում ու հստակ գիտեն, որ այլևս մենակ չեն, որ համայնքը, պետությունն ու կառույցներն օգնում են իրենց:

«Ես չէի պատկերացնի, որ գլուխ կհանեմ այս բոլոր դժվարություններից... Չէի հասկանում` մտածել սննդի, երեխուառողջության, կրթության մասին, թե գործիքներ գնեի մատնահարդարման համար: Հիմա համոզված եմ, որ ցանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել»,-ասում է Լիանան:

Սա մեկն է հարյուրավոր այն ընտանիքներից, որոնք փորձված սոցիալական աշխատանքի օգնությամբ ոտքի են կանգնում և ձգտում էլ ավելի բարեկեցիկ կյանքի:

2017-ից սկսած` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շնորհիվ, սոցիալական դեպքերի վարման գործընթացը կիրառվել է Ջերմուկի համայնքներում` օգնելով ավելի քան 15 ընտանիքների:

«Մինչ ծրագրի իրականացումը չգիտեինք` որ այդքան շատ անապահով ընտանիքներ ունենք Ջերմուկում: Համայնքային սոց. աշխատողի առկայությունը թույլ է տալիս ավելի մոտ լինել մեր համայնքի ընտանիքներին, գնահատել նրանցից յուրաքանչյուրի կարիքները և պրոֆեսիոնալ համալիր միջամտւթյուններից հետո տրամադրել աջակցություն կարիքի մեջ գտնվող ընտանիքներին»,-ասում է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը:

CLASS ծրագիրը կիրառում է Ավարտական մոտեցման ռազմավարություն, որը ենթադրում է բազմասեկտորալ միջամտություն` նպատակ ունենալով օգնել ամենախոցելի ընտանիքներին: Այս մոտեցման սկզբունքը միայն ընտանիքների կարիքները գնահատելը չէ, այլ նրան անդամների կարողություններն ու պոտենցիալը բացահայտելը, ինչի հիման վրա էլ կառուցվում է ընտանիքի տնտեսական կայունությունը:

[1] Հերոսների անունները և նրանց նույնականացնող մանրամասները փոխված են` անձնական կյանքի գաղտնիության իրավունքից ելնելով: