«Մեր կամքը շատ ուժեղ է, և դրա շնորհիվ է, որ մենք  հաղթում ենք․․․»

ijevan
Հինգշաբթի, Հուլիս 30, 2020

«Կյանքը սահմանին» շարքը պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների և նրանց ընտանիքների ապրումների, հույզերի և աննկուն կամքի մասին՝ լինել, ապրել, արարել անկախ ամեն ինչից։

Դեռևս մեկ ամիս առաջ Տավուշի մարզում բոլորն ապրում էին իրենց բնականոն կյանքով։ Վորլդ Վիժնի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Իջևանի համայնքային կենտրոնի աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին նաև Բերդ քաղաքի երեխաները, որոնք պետք է պատրաստեին ներկայացումներ Բերդ քաղաքի և Չինչին գյուղի մասին․ ամառային առցանց ճամբարի առաջադրանքն էր։

Վորլդ Վիժնի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Իջևանի համայնքային կենտրոնի հոգեբան Մարիաննա Կարապետյան
Մարիաննա Կարապետյան


 

Կենտրոնի հոգեբան Մարիաննա Կարապետյանի և ջոկատավար Լիլիթ Աթոյանի հետ երեխաներն արդեն հասցրել էին բացահայտել ամենահետաքրքիրը քաղաքի և գյուղի մասին։ «Երեխաներն այնքան գեղեցիկ էին ներկայացնում, որ ուզում էիր ամեն ինչ թողնել և գնալ մի քանի օր Շամշադին», - հիշում է Մարիաննան, - «Բայց պետք է նկատել, որ յուրաքանչյուրի մոտ կար մի ընդհանուր մտահոգություն արդյո՞ք զբոսաշրջիկին չի վախեցնի այն փաստը, որ իրենց տարածաշրջանը բավականին մոտ է Ադրբեջանի սահմանին, որտեղ  իրավիճակը  անսպասելի կարող է սրվել», - շարունակում է հոգեբանը։

Ճամբարի վերջին օրը, սակայն, ամեն ինչ անսպասելիորեն փոխվեց․ երեխաները չհասցրին ներկայացնել իրենց քաղաքը և գյուղը, քանի որ սահմանում իրավիճակը սրվեց, և կրակոցները հասան մինչև Բերդ քաղաք։ «Շատ էին զանգերը, մարդիկ անհանգստացած զանգահարում էին և ասում, որ գնում են թաքստոցներ, մարզկենտրոն Իջևան, Երևան», - հիշում է Մարիաննան։

Անգամ կենտրոնի աշխատակիցները, որոնք մեծացել էին  նույն տարածաշրջանում 90-ականներին, անհանգիստ էին, որ հանկարծ ու նորից պատերազմ չսկսվի։ Վորլդ Վիժն Հայաստանի՝ Բերդի երկարօրյա կենտրոնի խմբակավար Լիլիթ Աթոյանն ասում էր, որ վերջին անգամ 90-ականներին է կրակոց եղել Բերդ քաղաքի վրա։ Լիլիթը 90-ականներին երեխա էր և պարզ հիշում է, թե ինչ ապրումների միջով են անցել,-«Այժմ ես էլ ավելի անհագիստ էի, որովհետև ինքս էի պատասխանատու իմ երեխաների համար»,-ասում է Լիլիթը։

Մի քանի օր տևած սահմանային լարվածությունը, ռմբակոծություններն ու չդադարող կրակոցներն անհետևանք չանցան։

Այգեհովիտից Անահիտ տատիկը պատմում է, որ թոռներն էին իրենց սիրտ տալիս, որ չխառնվեն իրար։

8-ամյա Անին Ազատամուտից ասում է, որ շատ էր վախենում, իրենց պատուհանների վրա հանկարծ չկրակեն, որ մաման ու պապան գյուղում են, ճանապարհին կրակում են ու որ նրանք կարող են տուն չհասնել։

Ներքին Կարմիրաղբյուրից փոքրիկ Ռուզաննան մայրիկին խնդրում էր չքնել, որ կարողանան հասցնել արագ փախչել։

«Բնակիչների և երեխաների հետ մեր շփումները հուշում էին, որ երեխաները կարիք ունեն վերադառնալու բնականոն կյանքի՝ առանց վախերի, առանց տագնապների, և հոգեբանական աջակցությունն այս պարագայում շատ կարևոր է», - պատմում է Մարիաննան։

«Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Իջևանի համայնքային կենտրոնի մասնագիտական ողջ թիմը շատ արագ վերականգնեց աշխատանքները սահմանամերձ համայնքների բնակիչների և երեխաների հետ։ Կենտրոնի հոգեբանի կողմից կազմակերպվեց պրոֆիլակտիկ հանդիպումների շարք  ծնողների հետ՝ «Ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցման ձևերը արտակարգ իրավիճակներում» թեմայով։

«Միասին փորձում էինք գտնել տարբերակներ, զարգացնել որոշակի հմտություններ, որոնք կօգնեն իրենց արտակարգ իրավիճակներում»,- ասում է Մարիաննան։

ijevan
Երեխաները մասնակցում են հեքիաթաթերապիային

Ծնողները գիտակցեցին երեխաների հարցերին պատասխանելու կարևորությունը, հասկացան, որ պետք է երեխաներին թույլ տալ անկաշկանդ արտահայտել իրենց հույզերը և սկսեցին զարգացնել երեխաներին ակտիվ լսելու հմտությունը։

Սակայն ամենահետաքրքիր փորձը երեխաների հետ հեքիաթաթերապիայի անցկացնումն էր, որպեսզի երեխաների մոտ սթրեսն ու տագնապը նահանջեն, երեխաները կարողանան վերադառնալ իրենց բնականոն, անհոգ առօրյային։ «Երեխաները հեքիաթների օգնությամբ արտահայտում էին իրենց մտահոգությունները, անհանգստությունները, տագնապային մտքերն ու հույզերը», - հիշում է հոգեբանը։

Համատեղ աշխատանքի ընթացքում ծնողները և երեխաները հնարավորություն ունեցան ազատ խոսելու իրենց ապրումների և հույզերի մասին։

Զուգահեռաբար շարունակվում էին նաև ամառային առցանց ճամբարները։

«Շատ ծնողներ նշում են, որ այս ճամբարներն էին, որ իրենց երեխաներին կտրում էին առօրյայից, մոռացնել էին տալիս իրենց ապրումները, ու երեխաները մեծ ուրախությամբ էին նստում համակարգչի առաջ, որպեսզի շարունակեն ուսումնասիրել իրենց համայնքն ու գյուղը և հրապուրիչ ներկայացումներ կազմակերպեն զբոսաշրջիկների համար», - հիշում է կենտրոնի սոցիալական մանկավարժ Աննա Գալստյանը։

«Նավակ»-ի մասնագետների աշխատանքները երեխաների և ընտանիքների հետ շարունակվում են առ այսօր, շարունակվում են նաև առցանց ճամբարները։ Կյանքը սահմանին կամաց-կամաց վերադառնում է իր բնականոն հունին։

Ինչպես ասում է Բերդից 10-ամյա Լարիսան՝ «Մեր կամքը շատ ուժեղ է, և դրա շնորհիվ է, որ մենք  հաղթում ենք․․․»: