Վորլդ Վիժնը նոր սկզբի և վերականգնման հնարավորություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած ևս 65 ընտանիքի համար

65 more families affected by Nagorno-Karabakh conflict
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 15, 2021

Սեպտեմբերի 27-ին սկսված Լեռնային Ղարաբաղի  հակամարտության հետևանքով Լեռնային Ղարաբաղից հապճեպորեն Հայաստան եկած հազարավոր հայեր կարիք ունեին սննդի, հիգիենայի պարագաների, տաք հագուստի և առաջին անհրաժեշտության շատ այլ իրերի։ Հրադադարի հետևանքով Հայաստան ժամանած հայերից շատերն այլևս հնարավորություն չունեցան վերադառնալու Լեռնային Ղարաբաղում իրենց տուն, և այժմ արդեն կարիք ունեն երկարաժամկետ աջակցության, որը կօգնի նրանց կայուն ապրուստ ստեղծել և ինտեգրվել Հայաստանում։

Թեպետ Հայաստանի կառավարությունը աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և հակամարտությունից տուժած տեղացի ընտանիքներին, առկա ծրագրերը հիմնականում սահմանափակվում են ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրմամբ և չեն ներառում առանձին սոցիալ-հոգեբական աջակցություն։

Վորլդ Վիժն Հայաստանը, ի թիվս այլ առձեռն նվիրատվությունների և աջակցության ծրագրերի, նախաձեռնել է նաև նոր միջամտություն՝ «Կյանքի վերականգնում՝ եկամտի աղբյուրների ստեղծման միջոցով» ծրագիրը, որի նպատակն է հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած ընտանիքների վաղ վերականգնումը։

«Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում մենք ներգարվելու ենք ընտանիքներին մի շարք գործողություններում, որոնց նպատակը եկամտի աղբյուրների ստեղծումն է։ Սրան մենք հասնում ենք մի քանի միջամտություններով․սպառողական անհրաժեշտ իրերի տրամադրում, խնայողությունների վերաբերյալ ուսուցում, ընտանիքին անհրաժեշտ գործիքակազմի տրամադրում, տեխնիկական և կյանքի հմտությունների զարգացում։ Այսպիսով, Վորլդ Վիժնը հասցեագրում է ընտանիքների ամենախորը կարիքները և աջակցում է նրանց սկսել բիզնես կամ եկամտի կայուն աղբյուր», - ասում է Վահե Դարբինյանը, ով ղեկավարում է «Կյանքի վերականգնում՝ եկամտի աղբյուրների ստեղծման միջոցով» ծրագրի աշխատանքները։

Ծրագիրն իրականացվելու է Սիսիանի, Թալինի համայնքներում և մայրաքաղաք Երևանում։ Այն ներառելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և սուր կարիքի մեջ ապրող 65 ընտանիք։ Ծրագիրը ֆինանսավորովում է «EO Metterdaad»-ի կողմից։

«Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները ուղղակիորեն աշխատելու են ընտանիքների հետ, օգնելու են նրանց բացահայտել իրենց հատուկ կարիքները և միասին կազմել զարգացման պլան յուրաքանչյուր ընտանիքի համար։ Այս պլանները հիմնվելու են յուրաքանչյուր ընտանիքի հետաքրքրությունների, փորձի, բնակության վայրի, տարիքային առանձնահատկության վրա, և ընտանիքները հանձն են առնելու պարտավորություն մասնակից լինելու այն բոլոր սոցիալական և տնտեսական միջոցառումներին, որոնք կներառվեն այդ պլաններում», - ասում է Վահե Դարբինյանը։  

Այս պահին ընտրված ընտանիքներն ու սոցիալական աշխատողները միասին քննարկում են անհատական զարգացման պլանները, որից հետո արդեն ձեռք կբերվեն այն գործիքները, որոնք անհրաժեշտ են ընտանիքների զարգացման համար, զուգահեռաբար կկազմակերպվեն նաև անհրաժեշտ դասընթացները։