Նինայի խոսքով՝ Վորլդ Վիժնի բազմակողմանի աջակցության շնորհիվ իրենց կյանքը սկսեց փոխվել

Nina
Երեքշաբթի, Հոկտեմբեր 19, 2021

Նինայի ընտանիքն ապրում է Հայաստանի մի շրջանում, ուր տարին գրեթե յոթ ամիս ձմեռային եղանակ է՝ ցուրտ ու քամոտ: Ընտանիքում հինգ հոգով են՝ ամուսիններն ու երեք երեխաները: Տունը գյուղի ծայրամասում է՝ 9-րդ դարի եկեղեցու  հարևանությամբ: Նինան տնային տնտեսուհի է, ով ժամանակին երազում էր կրթություն ստանալ կամ լավ վարպետ դառնալ: Ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատ պայմաններում, ամուսինները գործազուրկ են:

«Աշխատանք չկա, հող ունենք, բայց ոռոգման ջուր չկա: Հողը չենք կարողանում ջրել, դրա համար էլ բույսերը լավ չեն աճում: Կարտոֆիլը տնկում ենք ու չենք կարողանում ջրել, Աստծո հույսին է, անձրև եղավ՝ կջրվի: Հաճախ էլ հողը գոմաղբով ենք պատում, որ խոնավ մնա...»,-պատմում է Նինան։

Ընտանիքի ապրուստի պայմանների գնահատում իրականացնելուց հետո Վորլդ Վիժն Հայաստանի սոցիալական աշխատողն առաջարկեց նրանց ընդգրկել կազմակերպության կողմից իրականացվող «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում։  

Այս ծրագրի շրջանակներում ընտանիքին տրամադրվել է արևային ջրատաքացուցիչ և ընտանի կենդանիներ՝ տասը ոչխար:

«Այնքան լավ եղավ, երբ Վորլդ Վիժնը մեզ գտավ: Սկզբում երեխային էին հովանավորում՝ գրենական պիտույքներ, շոր տվեցին, նաև սնունդով էին օգնում: Հետո արևով ջուր տաքացնելու այդ հրաշք սարքը տվեցին, արդեն ամեն օր տաք ջուր ունենք: Առաջ երեխաներին տան մեջ էի լողացնում, ցուրտ տան մեջ շատ անհարմար էր, հաճախ հիվանդանում էին, իսկ հիմա էլ այդպես չէ: Արևային էներգիայի միջոցով ահագին գումար ենք խնայում»,-մանրամասնում է Նինան:  

Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հատկացված ոչխարներն արդեն գառնուկներ ունեն, Նինան ամուսնու հետ խնամում է կենդանիներին և անհամբեր սպասում, որ հոտը շատանա։

«Կուզենք մոտ 30 ոչխար ունենալ, կպահենք, եկամուտ կլինի՝ մեր հոգսերը կթեթևանան: Բայց մենակ կենդանիները չէ, որ մեզ տվեցին: Ես հաճախեցի դասընթացների, որտեղ շատ նոր բաներ իմացա: Օրինակ՝ առողջապահական դասերը, որտեղ պատմում էին հիգիենայի մասին, ինչպես խնամել մեծերին ու փոքրերին՝ առանձին սրբիչներ են պետք...»,-ոգևորված պատմում է Նինան:

Վորլդ Վիժն Հայաստանի սոցիալական աշխատողի խոսքով՝ Նինան մեծ ոգևորությամբ է հաճախում նաև հոգևոր դասընթացին: Հանդիպում են հոգևորականի հետ, քննարկում են երեխաներին սիրով և առանց բռնության դաստիարակելու հիմնահարցերը։

«Մի դասընթացի էլ մասնակցեցի՝ ընտանեկան բռնության մասին էր: Պատմում էին, որ երեխային  չի կարելի ծեծել, որ բացատրելով կհասկանա: Պատկերացրեք առաջ չէին ենթարկվում՝ թեկուզ ծեծելով, բայց իսկապես զրույցներից, բացատրելուց հետո փոխվեցին: Փաստորեն, միայն ճիշտ խոսքով կարելի է երեխային հանգստացնել: Այդ դասերի ժամանակ պատմում էին նաև, թե ամուսինը ինչպե՞ս պետք է վարվի իր կնոջ հետ՝ չկոպտի, չնեղացնի...»,-հիշում է Նինան:

Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցումերեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերող գիտելիքների տրամադրումաջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Նինայի ամուսինը ևս մանակցում է զարգացնող դասընթացներին և խրախուսում կնոջը: Նինան սա համարում է մեծ ձեռքբերում:

«Դասընթացների շնորհիվ շատ ընկերուհիներ ունեմ հիմա, ծանոթացել ենք ու մտերմացել: Զանգում ենք իրար, խոսում, կիսվում, էլ մենակ չեմ, ինձ նման շատ կանայք կան, որ սոցիալական դժվար պայմաններում են ապրում և շփման ու զրույցների կարիք ունեն: Վորլդ Վիժնը մեր փրկությունը եղավ, մեր կողքին են, միշտ գալիս են, զանգում, հարցնում մեր խնդիրների մասին և օգնում»,-պատմում է Նինան:

Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: