Իզմիրլյան հիմնադրամի ֆինանսավորմամբ Վորլդ Վիժնն աջակցում է ևս 1100 ընտանիքի՝ արձագանքելով COVID-19-ի հետևանքներին

izmirlian
Չորեքշաբթի, Օգոստոս 5, 2020

COVID-19-ի բռնկումը մեծ մարտահրավեր էր ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում ապրող առավել խոցելի և ծայրահեղ աղքատ ընտանիքների համար։ Վարակիչ հիվանդության արագ տարածումը Հայաստանում բերեց տեղաշարժի սահմանափակումների և սոցիալական հեռավորության պահպանման խիստ կանոնների կիրառման, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ ողջ երկրի տարածքում զրկվեցին աշխատելու և իրենց ապրուստը վաստակելու հնարավորությունից։

Իրավիճակը հատկապես վտանգավոր է ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների համար, քանի որ նրանք հայտնվել են սննդի և հիգիենիկ անհրաժեշտ պարագաների սուր կարիքի մեջ։

izmirlian«Իզմիրլյան հիմնադրամի» ֆինանսավորման շնորհիվ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ապրող 1100 ընտանիք (և նրանց 2469 երեխաները) ստացան սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ Վորլդ Վիժնից, որպեսզի կարողանան դիմակայել համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամին։ 

Վորլդ Վիժն Հայաստանն իրականացրել է ծրագրի շահառու ընտանիքների ընտրությունը՝ օգտագործելով իր իսկ ունեցած  գործուն մեխանիզմները, ինչպես նաև համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական ապահովության ծառայությունների հետ։ Վերածածկից խուսափելու համար կազմակերպությունն իրականացրել է նաև վերջնական ճշգրտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների հետ։izmirlian

Ծրագրի շահառուներն էին այն ընտանիքները, որոնք մեծապես կախված էին օրավարձով աշխատանքներից, չունեին խնայողութոյւններ և այս պահին զրկված էին վաստակելու հնարավորությունից՝ երկրում կիրառվող սահմանափակումների, կարանտինային միջոցառումների և արտակարգ իրավիճակի հետևանքով։

«Կորոնավիրուսի պատճառով ամուսինս չի կարողացել մեկնել ՌԴ արտագնա աշխատանքի, մենք պարտքեր ունենք և կախված ենք միայն ընտանեկան նպաստից և տատիկի, պապիկի թոշակներից։ Մեր եկամտի մեծ մասը գնում է մեծերի համար դեղեր ձեռք բերելու և  կոմունալ վարձավճարները կատարելու համար», - ասում է Ռուզաննան։ Նա երեք երեխաների մայր է, և նրա մեծ՝ յոթ հոգանոց ընտանիքն ապրում է Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկում։ Ռուզաննայի ընտանիքն այն 1100 ընտանիքներից է, որոնք «Իզմիրլյան հիմնադրամի» աջակցությամբ Վորլդ Վիժնից ստացել են սննդի և հիգիենայի փաթեթներ։

«COVID-19-ը մեծ անորոշություն և մարտահրավերներ բերեց ծայրահեղ աղքատ ընտանիքների կյանքում։ «Իզմիրլյան հիմնադրամի» հետ համագործակցությունը մեզ թույլ տվեց սննդով աջակցել ևս 1100 ընտանիքի», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի «Ընտանիքների աղքատության հաղթահարման» ծրագրի ղեկավար Վահե Դարբինյանը։