Տիկին Օֆելյան լավատեսությունը համարում է գործի կեսը

Տիկին Օֆելյան իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Ամասիայի համայնքներից մեկում: Տան առաջ ունեն հողակտոր, որտեղ կարտոֆիլ են ցանում, կանաչի, երբեմն էլ լոլիկ ու վարունգ է ստացվում, եթե ջուրը հերիքում է: Երկու տղաներն արդեն մեծացել և մեկնել են արտագնա աշխատանքի: Երեք աղջիների նկատմամբ շատ խիստ է և պահանջկոտ: Ամուսնու մասին խոսում է հարգանքով:
«Ամուսինս լավ մարդ է, աշխատասեր: Դժվարություններ շատ ենք տեսել, բայց հիմա փորձում ենք լավատեսությամբ ապրել ու ավելի շատ աշխատել: Եղել են ժամանակներ, որ անհնար պահեր ենք ունեցել, բայց Աստված մեզ հասել է»,-գոհունակությամբ ասում է տիկին Օֆելյան:
2018թ. Օֆելյայի աղջիկները գրանցվել են Վորլդ Վիժնի հովանավորության ծրագրում, որից հետո կազմակերպության աշխատակիցները տնայց են կատարել ու ծանոթացել ընտանիքում առկա խնդիրներին: Այնուհետև ընտանիքը ներառվել է Աղքատության փուլային հաղթահարման ծրագրում:
«Մեզ այնքան են օգնել, որ չգիտեմ, թե որը պատմեմ: Անգամ մահճակալ են տվել երեխաներիս համար, սնունդով են օգնել, հիգիենայի պարագաներ տրամադրել կարանտինի ժամանակ… Բայց ամենամեծ ուրախությունս կովն էր, անունն էլ Ջենի եմ դրել: Երբ բերեցին, արդեն կաթը պակասած էր, բայց օրական երկու լիտր կաթով և՛ պանիր, և՛ կաթնաշոռ, և ՛ մածուն…ամեն ինչ պատրաստել եմ, թարմ կաթնամթերք ենք կերել: Այս տարի էլ ծնվեց մեր ցուլիկը՝ Լեոն»,- հպարտանում է տիկին Օֆելյան:
Լիաննան ժպիտով լսում էր մորը. «Երբ մամաս հորթի անունն ասեց՝ զարմացանք, հետո որոշեցինք, որ Ջենիի տղան կարող է լինել Լեո, ինչու չէ՞»:
Օֆելյան մասնակցել է Վորլդ Վիժնի Ամասիայի գրասենյակի կազմակերպած բոլոր դասընթացներին և հատկապես հավանել ֆինանսական գրագիտության դասընթացը: Այդ մասին պատմում է բոլորին և խորհուրդ տալիս ուշադիր լինել ծախսերում:
«Հենց այդ դասերի ու տնտեսելու շնորհիվ մենք վերակառուցեցինք մեր գոմը. շատ հին էր ու խարխուլ: Տղաներս իրենց ձեռքերով են շարել պատերը, ամրացրել կտուրը, իսկ անցած տարվա հողագործության տնտեսած գումարով էլ մի նոր կով ենք գնել: Մեր սոցիալական աշխատողներին միշտ հարցնում եմ, եթե դասընթաց լինի, ինձ անպայման ասեն, դրանք շատ կարևոր են: Շուտով այնքան կով կունենամ, որ ես էլ հորթ կտամ մի անապահով ընտանքի, որպեսզի նրանք իրենց մենակ չզգան: Մարդիկ միշտ ունեն թեկուզ բարի խոսքի կարիք ու, եթե իրար հարգենք, օգնենք ու աշխատենք, երևի մեր երկիրն էլ լավ կլինի»,-կիսվում է Օֆելյան:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է և զարգացող: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: