Վորլդ Վիժնը զգուշացնում է, որ կորոնավիրուսը կարող է խաթարել աղքատության հաղթահարման 30 տարվա առաջընթացը

- Կազմակերպության ուշադրությունն այսուհետ կենտրոնացած է COVID-19 արտակարգ իրավիճակի արձագանքի վրա բոլոր այն երկրներում, որտեղ Վորլդ Վիժնն աշխատում է
- Վորլդ Վիժնը տրամադրում է 350 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն, որի նպատակն է աջակցել 72 միլիոն մարդու` պայքարելու վիրուսի և դրա հետևանքների դեմ
- Վորլդ Վիժնը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին միասին օգնել աշխարհի առավել խոցելի մարդկանց, հատկապես երեխաներին ու կասեցնել աղքատության տարածումը:
Մայիսի 5, 2020- Վորլդ Վիժնը զգուշացնում է, որ եթե միջազգային հանրությունն անմիջապես չարձագանքի և առաջնահերթություն չտա առավել խոցելիներին COVID-19-ի դեմ պայքարում, վերջին 30 տարվա ընթացքում մարդկային կյանքեր փրկելու ու աղքատությունը նվազեցնելու հսկայական առաջընթացը հետընթացի կվերածվի: Եվ հատկապես երեխաներն են կրելու վիրուսի վնասներն, ու մեծանալու է երեխաների մահացության ցուցանիշը, որը 1990-ից ի վեր կիսով չափ կրճատվել էր:
Գիտակցելով այս վտանգները` Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունը իր 70-ամյա պատմության ընթացքում տրամադրում է իր ամենամեծ հումանիտար օգնությունը` նվազեցնելու COVID-19- ի ազդեցությունը 72 միլիոն մարդկանց վրա, որոնցից կեսը երեխաներ են:
«Մենք երբևէ ականատես չենք եղել այս մասշտաբի արտակարգ իրավիճակի, որը միանգամից ազդեցություն ունի այսքան երկրների վրա: Առաջին անգամ մեր 70 տարվա պատմության ընթացքում մենք արտակարգ իրավիճակի արձագանք ենք տալիս բոլոր երկրներում, որտեղ գործում ենք, որպեսզի կարողանանք աջակցել նրանց, ովքեր առավել խոցելի են այս մահացու վիրուսի և դրա հետցնցումների նկատմամբ», - ասում է Վորլդ Վիժն միջազգային կազմակերպության նախագահ ու գործադիր տնօրեն Էնդրյու Մորլին:
Երեխայակենտրոն միջազգային կազմակերպությունը սկսել է տրամադրել 350 միլիոն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն, որն ուղղված է աշխարհի առավել խոցելի մարդկանց` կորոնավիրուսի ազդեցությունների դեմ պայքարելու համար:
Արձագանքման հավակնոտ պլանը կիրականացվի ավելի քան 70 երկրներում, որտեղ 37000 աշխատակիցներ, 400000 հոգևոր առաջնորդներ և 220,000 բուժաշխատողներ կներգրավվեն `աջակցելու կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված նախաձեռնություններին:
«Վորլդ Վիժնը խորապես մտահոգված է, որ COVID-19- ի ազդեցությունը կարող է մեծ սպի թողնել այս սերնդի ամենախոցելի երեխաների զարգացման վրա: 1990 թվականից ի վեր աղքատությունից, սովից ու հիվանդություններից մահացող երեխաների թիվը կիսով չափ նվազել է: Քանի դեռ միջազգային հանրությունն առաջնահերթություն չի տալիս այն երկրներին, որոնք ամենամեծ ռիսկի են ենթարկվում COVID-19-ի պատճառով, այս համավարակը միլիոնավոր աղջիկների և տղաների կդարձնի ավելի աղքատ, սոված և հիվանդ, թերի կրթված և ավելի խոցելի` բռնության նկատմամբ»,-նշում է Մորլին:
Հասարակական կազմակերպությունը զգուշացնում է, որ ցածր եկամուտ ունեցող շատ երկրներ այժմ մտնում են այս համաճարակի հաջորդ փուլ, որը ծայրահեղ վտանգավոր է առավել խոցելի մարդկանց համար, ովքեր պայքարում են մեկուսացման պայմաններում ու ստիպված են ընտրել` վարակվե՞լ, թե՞ սովի մատնվել:
Հաջորդ փուլում COVID-19- ը կարող է տարածվել աշխարհի ամենաաղքատ, առավել անկայուն և վտանգավոր մասերում. վայրեր, որտեղ առաջադեմ առողջապահական ծառայություններ գրեթե չկան, և որտեղ մեկուսացումն ու սոցիալական հեռավորությունը անհնար են այն մարդկանց համար, ովքեր ապրում են` օրվա հացի խնդիր լուծելով փախստականների ճամբարներում ու ետնախորշերում:
Վորլդ Վիժնը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին, որոնց ուշադրությունն այժմ կենտրոնացած է վիրուսի` տնտեսության վրա ունեցած բացասական ազդեցության վրա, հավասարաչափ առաջնահերթություն տալ այն երկրներին, որոնց վրա վիրուսն ունենալու է երկարատև ազդեցություն:
«Մենք սկսել ենք տրամադրել մեր պատմության մեջ ամենածավալուն հումանիտար օգնությունը, բայց Վորլդ Վիժնը և այլ կազմակերպություններ չեն կարող միայնակ պայքարել COVID-19-ի վնասակար ազդեցությունների դեմ: Այժմ մենք մարտահրավեր ենք նետում կառավարություններին, անհատներին, կորպորացիաներին անել շատ ավելին, որպեսզի սահմանափակեն COVID-19- ի տարածումը ցածր եկամուտ ունեցող երկրներում և երեխաներին պաշտպանեն վիրուսի ավերիչ հետցնցումներից:
Մենք միայն մեկ հնարավորություն ունենք իրավիճակը շտկելու: Մենք պետք է համախմբվենք և արձագանքենք այս համաշխարհային համավարակին ՝ աջակցելով բոլորին, ովքեր տուժել են վիրուսից, հատկապես առավել խոցելիներին»,- ասում է կազմակերպության նախագահը: