Graduation approach

Աղքատության փուլային հաղթահարում

2017 թվականի տվյալներով` Հայաստանում բնակչության 25.7%-ն աղքատ է, իսկ 1.4 %-ը՝ ծայրահեղ աղքատ: Այլ կերպ ասած՝ աղքատ է 766 հազար մարդ: Իսկ ծայրահեղ աղքատ համարվող  42 հազար մարդու ամսական եկամուտը չի գերազանցում 24,000 դրամը: 

Երեխաների 2.1%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ն` աղքատության մեջ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով` Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեք երեխայից մեկը (28 տոկոս) և՛ աղքատ է, և՛ զրկված բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից՝ առողջ սնուցում, կրթություն, բնակարանային պայմաններ, հանգստի և ժամանցի հնարավորություններ և այլն: Այս երեխաները մեր հասարակության ամենախոցելի խումբն են: 

Աղքատությունը միայն եկամտի և ռեսուրսների պակասը չէ: Աղքատությունը միմյանց հետ փոխկապակված գործոնների բացակությունն է, որն իր հետ բերում է ֆիզիկական և հոգեբանական աղքատություն, հասարակության մեջ ձայնի հնարավորության բացակայություն, շրջակա միջավայրի հարվածներին դիմակայելու անհնարինություն, ցածր ինքնագնահատական և ինքնավստահություն: Աղքատության հաղթահարմանն ուղղված պետական ջանքերը հիմնականում ներառում են սոցիալական աջակցության փաթեթներ դրամական օգնության տեսքով: Այս գումարները սովորաբար հազիվ բավարարում են ընտանիքի ամենահիմնական կարիքները հոգալուն:   

Աշխատանք առավել խոցելի ընտանիքների հետ

Վորլդ Վիժն Հայաստանն աշխատում է առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ՝ օգնելով բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և պաշտպանել երեխաների իրավունքները: Նախորդ չորս տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը սերտորեն աշխատել է 3000-ից ավելի առավել խոցելի ընտանիքների հետ: Ընտանիքների հետ աշխատանքն իրականացվել է Վորլդ Վիժնի 50 փորձառու սոցիալական աշխատողների օգնությամբ, որոնք ներգրավել են նաև սոցիալական ապահովության պետական մարմիններին և երեխաների պաշտպանության հիմնական դերակատարներին:

Աղքատության փուլային հաղթահարման ծրագիր

Որպեսզի սոցիալական աշխատանքն իր հետ բերի շոշափելի և կայուն արդյունքներ, Վորլդ Վիժնը երկու տարի առաջ սոցիալական աշխատանքին զուգահեռ սկսեց կիրառել նաև Աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որն առաջարկում է կայուն լուծումներ աղքատության հաղթահարման համար:

Այս մոտեցմամբ Վորլդ Վիժնը աշխատում է այն ընտանիքների հետ, որտեղ եկամուտը օրական 1.5 ԱՄՆ դոլարից պակաս է: Այս մոտեցումը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Վորլդ Վիժնի աջակցությունը ներառում է հետևյալը՝ սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, ինչպես նաև աջակցություն աշխատանք գտնելու հարցում: 

Վորլդ Վիժնի ներկայիս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատանքի և Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի կիրառման արդյունքում՝

  • ծրագրին մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը,
  • ընտանիքների 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը,
  • երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է,
  • ընտանիքների 82%-ում բարելավվել է կյանքի որակը: