15 մարդասիրական կազմակերպություններ նախազգուշացնում են հյուսիս-արևելյան Սիրիայում մարդասիրական ճգնաժամի մասին

Երեքշաբթի, Հոկտեմբեր 15, 2019

Հրապարակվել է հոկտեմբերի 10-ին, 2019

Խաղաղ բնակչությունը վտանգի մեջ է՝ ահագնացող բռնության և մարդասիրական օգնության կասեցման հետևանքով։Ինչպես նախազգուշացնում են առաջատար մարդասիրական կազմակերպությունները՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող խաղաղ բնակիչները վտանգի մեջ են, իսկ մարդասիրական օգնությունը կարող է կասեցվել տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Տարածաշրջանում մարդասիրական աջակցություն տրամադրող կազմակերպություններից եկող զեկույցներում նշվում է, որ խաղաղ բնակչությունն արդեն սկսել է տեղաշարժվել, մի շարք կենսական նշանակության ծառայությունների տրամադրումն ընդհատվել է, այդ թվում նաև բժշկական հաստատություններում տրամադրվող ծառայությունները և ջրամատակարարումը։ Միջազգային կազմակերպությունները նշում են, որ իրենց անձնակազմի որոշ մասը ևս լքել է տարածաշրջանը իրենց ընտանիքների հետ միասին, իսկ մյուսներն էլ շրջափակման մեջ են։

Մոտ 450,000 մարդ է այժմ ապրում թուրք-սիրիական սահմանի 5կմ շառավղով, և նրանք բոլորն էլ վտանգի մեջ են, քանի դեռ բոլոր կողմերը չեն ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ առաջնահերթությունը տալով խաղաղ բնակչության պաշտպանությանը։ Այստեղ են գտնվում նաև 90,000 տեղահանված բնակիչները, որոնք գոնե մեկ անգամ արդեն իսկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը սիրիական ծանր պատերազմի ընթացքում։

ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի տվյալներով` Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող առնվազն 1,650,000 մարդ մարդասիրական աջակցության կարիք ունի։ Խաղաղ բնակչության համար նախատեսված կենսական նշանակության մարդասիրական աջակցության տրամադրումը վտանգված է, քանի դեռ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակը ստիպում է մարդասիրական կազմակերպություններին կասեցնել կամ տեղափոխել իրենց ծրագրերն ու անձնակազմին։ Իդլիբում շարունակվող մեծածավալ ճգնաժամի և երկրում առկա հսկայական կարիքի պայմաններում, Սիրիայում մարդասիրական աջակցության տրամադրումը գնալով դառնում է անվերահսկելի։

15 մարդասիրական կազմակերպություններ կոչ են անում կողմերին հարգել Միջազգային մարդասիրական իրավունքը և ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները բնակեցված տարածքներում պայթուցիկ զենքերի օգտագործումը բացառելու համար։ Կողմերը պետք է նաև ձեռնարկեն բոլոր միջոցները խաղաղ բնակչությանը պաշտպանելու և մարդասիրական աջակցության անխաթար տրամադրումն ապահովելու համար։ Այս տարածքներում ապրող և ռազմական գործողություններից տուժած մարդիկ ազատ տեղաշարժման իրավունք ունեն և չպետք է ուժի կիրառմամբ տեղահանվեն իրենց տներից։

Նմանապես, չպետք է ստիպել Թուրքիայում գտնվող փախստականներին վերադառնալ Սիրիա։ Ցանկացած ոք, ով կվերադառնա, կարող է իր անվտանգությանն ու ապահովությանը սպառնացող վտանգի առաջ կանգնել, ենթարկվել շարունակական տեղահանությունների ու կախված մնալ մարդասիրական աջակցությունից, ինչը սակայն միջազգային հանրությունը հնարավորություն չունի տրամադրելու։ Թուրքիայի կառավարության տվյալներով` Թուրքիայում գտնվող երեք միլիոն սիրիացիների մոտ 83 տոկոսը Սիրիայի հյուսիս-արևելքի բնակիչներ չեն։

Միջազգային հանրությունը կարևոր դեր ունի ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը պետք է քննարկեր իրավիճակը հոկտեմբերի 10-ին, պետք է մասնավորապես կարևորի զսպվածության դրսևորումը և վերահաստատի խաղաղ բնակչության պաշտպանության և մարդասիրական անխաթար գործողությունների իրականացման կարևորությունը։

Տարածաշրջանում անվտանգությունն արդեն իսկ անկայուն է․ տասնյակ հազարավոր մարտիկներ իրենց ընտանիքների հետ պահվում են ճամբարներում և կալանավայրերում։ Բացառապես բոլոր երեխաները պետք է լինեն պաշտպանված և ստանան մարդասիրական աջակցություն, և այս պահին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող առնվազն 40 տարբեր ազգությունների պատկանող մոտ 9000 երեխաներ պետք է անմիջապես վերադառնան իրենց ծագման երկրներ։

Անհապաղ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևելքում առկա մարդասիրական իրավիճակը չվատթարանա, ինչը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ երեխաների և նրանց ընտանիքների կյանքում, որոնք արդեն իսկ կյանքին սպառնացող բռնության վտանգի մեջ են։

Ստորագրյալներ՝

Action Against Hunger

Christian Aid

CARE International

DanChurchAid

Diakonie Katastrophenhilfe

Humanity & Inclusion

International Rescue Committee

Medecins du Monde

Mercy Corps

Norwegian Refugee Council

Oxfam

People in Need

Terre Des Hommes Italy

Un Ponte Per

World Vision