Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է. ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի առաջին դրական արդյունքները

Աղքատության հաղթահարում. մամուլի ասուլիս
Չորեքշաբթի, Սեպտեմբեր 18, 2019

18 սեպտեմբեր, Երևան. այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկնԶարուհի Բաթոյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրին աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումներն ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքները։

«2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։ Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։ Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս»։  

Վորլդ Վիժն Հայաստանն աշխատում է առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների հետ` օգնելով բարելավել նրանց սոցիալ-տնտեսական վիճակը և պաշտպանել երեխաների իրավունքները: Երկու տարի առաջ` սոցիալական աշխատանքին զուգահեռ, Վորլդ Վիժնն սկսեց «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, որը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ: Վորլդ Վիժնի աջակցությունը ներառում է`

  • սոցիալական աշխատանք ընտանիքների հետ,
  • գումարային աջակցություն` ամենահրատապ կարիքները հոգալու համար,
  • ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ,
  • ծնողավարական հմտությունների ուսուցում,
  • երեխաների առողջ սնուցման և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների տրամադրում,
  • աջակցություն աշխատանք գտնելու հարցում:

«Վորլդ Վիժն Հայաստանի բազմամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ աղքատությունը հաղթահարելի է, սակայն դա մեկ կազմակերպության կամ կառույցի գործ չէ։ Սրան հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց աղքատության մեջ ապրող ընտանիքների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարությունն առաջնորդում է այս գործընթացը՝ հնարավորություն ստեղծելով կարիքի մեջ գտնվող ավելի մեծ թվով մարդկանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը», - իր խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։

2019թ.-ին Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սկսել են աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը, ինչի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները վերականգնել են հավատը սեփական ուժերի նկատմամբ։

«Որպես նորաստեղծ հիմնադրամ ինչու՞ որոշեցինք այս ճանապարհով գնալ։ Մենք ստանում էինք սոցիալական և առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Ուսումնասիրեցինք միջազգային ու տեղական կառույցների փորձը։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է և ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է և թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով՝ համագործակցության եզրեր գտանք Վորլդ Վիժն Հայաստանի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ և հանգել հենց այս մոդելին, որն աշխարհում տարածում ունի և անգամ որոշ երկրների պետական քաղաքականության մասն է դարձել։ Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը