Armine_Graduation_Armenia

Ամեն ինչ կորցնելուց հետո Արմինեի ընտանիքը փորձում է նոր կյանք սկսել

Արմինեի ընտանիքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` վերջին զինված հակամարտության ժամանակ, տեղահանվել է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանից: Երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել են՝ իրենց հետ վերցնելով միայն փաստաթղթեր, թողել են տունը, այգին ու ունեցվածքը: Արմինեի ամուսինը եղել է դիրքերում, ամիսներ անց հետո միայն կարողացել է միանալ ընտանիքին: Այժմ վարձով ապրում են Լոռու մարզի համայնքներից մեկում: Մեծ այգի կա, որը խնամքով ցանել ու մշակում են: Պայմաններն իհարկե համեստ են, բայց աշխատասեր ընտանիքը չի բողոքում, միայն ցանկանում են աշխատանք ունենալ:

«Ես խանութում էի աշխատում՝ մենեջեր, ամուսինս ոսկու հանքում զոդող է եղել, ունեցել ենք աշխատանք, տուն… հիմա՝ ոչինչ, բայց փառք Աստծուն, որ ողջ ենք: Երբ եկանք այստեղ, մեզ այցելեցին Վորլդ Վիժնի աշխատակիցները, ասացին, որ օգնություն ունեն մեզ համար: Անսպասելի էր, որ գտել են մեզ: Հենց սկզբից մեզ համար ամենակարևորը սնունդն է եղել  և հենց սկզբից՝ դա ենք ստացել, հետո հիգիենայի պարագաներ: Նույնիսկ տաք ծածկոցներ, ճաշի համար կաթսաներ, ամաններ, բաժակներ…առաջին անհրաժեշտության իրեր են տվել մեզ», - պատմում է Արմինեն:

Այնուհետ, Վորլդ Վիժնի միջնորդությամբ ընտանիքին այցելել են այլ կազմակերպություններից ու կրկին օգնություն տրամադրել:

«Ի դեպ, Վորլդ Վիժնի աշխատակիցները աղջիկներիս համար էլ շատ մեծ գործ են արել: Մեր համայնքում գործող «Նավակ» ցերեկային կենտրոնում կա խաղային անկյուն, որտեղ մեծ սպասումով հաճախում են երեխաներս՝ Մարինեն և Անին», - մանրամասնում է Արմինեն:

14 տարեկան Մարինեն շտապում է արտահայտվել. «Այնտեղ մեզ շատ լավ են վերաբերվում, ուրախացնում են, երգացնում, պարում ենք ու խաղեր խաղում: Մեզ սովորեցնում են միմյանց հարգել, օգնել ու սիրել»:

«Մենք շատ շնորհակալ ենք բոլորից, եթե անգամ չեն գալիս, ապա զանգում են, ճշտում` ինչպե՞ս ենք, դա մեզ համար մեծ ուրախություն է: Բայց մեզ բոլորիս խաղաղ երկինք է պետք…», - մտքերի մեջ է ընկնում Արմինեն:

Գերմանիայի մարդասիրական կոալիցիայի կողմից տրամադրված դրամաշնորհային վեցամսյա ծրագրի շրջանակում Վորլդ Վիժն Հայաստանն աջակցում է Արցախից Հայաստան տեղափոխված ավելի քան 10 000 շահառուի: 

Աջակցությունը հիմնականում բնաիրային տեսքով է, բացի այդ` դրամաշնորհի շրջանակում Վորլդ Վիժնի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային 12 կենտրոններում, որոնք գործում են Հայաստանի վեց մարզերում, ստեղծվել են հատուկ երեխաների համար նախատեսված խաղային անկյուններ, որտեղ Արցախից տեղափոխված 600 երեխաներ անցկացնում են հետաքրքիր և ուսուցանող ժամանակ, ինչպես նաև ստանում են մասնագիտական  ծառայություններ: