Հայտարարություն

navak
Երկուշաբթի, Օգոստոս 23, 2021

Օգոստոսի 23, 2021թ. 

Տեղեկացնում ենք, որ Վորլդ Վիժնի՝ Ստեփանավանում իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին։

Վորլդ Վիժնի Ստեփանավանի զարգացման ծրագիրը մեկնարկել է 2006թ․-ին։ Նախորդ 15 տարիների ընթացքում մենք տարեկան աշխատել ենք տարածաշրջանում ապրող 2,383 երեխայի և նրանց ընտանիքների հետ՝ ընդհանուր առմամբ ծառայելով տարեկան 5,600 շահառուի։

Վորլդ Վիժնի աշխատանքների կենտրոնում մշտապես եղել են առավել խոցելի երեխաներն ու նրանց ընտանիքները, և մեր ջանքերն ուղղվել են նրանց բարեկեցության ապահովմանը։

Այս տարիների ընթացքում մենք հիմնել ենք 8 ծնողական կենտրոն, որտեղ համայնքի բուժաշխատողները ծնողներին մինչ օրս սովորեցնում են առողջ ապրելակերպի, երեխաների խնամքի և դաստիարակության կարևոր սկզբունքները։

 Մենք աշխատել ենք Ստեփանավանի բոլոր մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձուհիների և բուժքույրերի հետ կազմակերպել նրանց վերապատրաստումները, որպեսզի վերջիններս կարողանան ապահովել որակյալ բուժծառայություններ համայնքներում։

Վորլդ Վիժնը համայնքների երեխաներին սովորեցրել է իրենց իրավունքները, պատանիներն ու երիտասարդները ներգրավվել են ակումբներում, ձեռք են բերել կարևոր կյանքի հմտություններ և գիտելիքներ։ Նրանցից շատերը հետագայում աշխատանք են գտել կամ իրենց բիզնեսն են հիմնել հենց այս գիտելիքների շնորհիվ։

Մենք նաև հիմնել ենք արտադրողների 8 խումբ՝ ներգրավելով 105 ֆերմերների։ Այս խմբերի շնորհիվ ֆերմերներն ու փոքր բիզնես հիմնած ձեռնարկատերերը կարողացել են բարելավել իրենց արտադրության կամ ծառայության որակը, ներգրավել նոր հաճախորդների՝ այդպիսով իսկ ավելացնելով եկամուտները։

Մեր այս հաջողությունների հիմքում ընկած է ամուր և արդյունավետ համագործակցությունը պետական և հասարակական կառույցների, համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքներում ապրող մեծ և փոքր բնակիչների հետ։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Լոռու մարզում Գուգարաց թեմին` երկարատև և արդյունավետ համագործակցության, երեխաների կյանքը դեպի լավը փոխելու գործում մեզ աջակցելու համար:

Այսօր մենք ամփոփում ենք մեր գործունեությունը Ստեփանավանում և կենտրոնացնում ենք աշխատանքներն այլ տարածաշրջաններում՝ փորձելով հասնել առավել մեծ կարիքի մեջ գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին։

Ստեփանավանի «Նավակ» կենտրոն հաճախող և ծառայություն ստացող բոլոր երեխաների տվյալները մենք արդեն իսկ փոխանցել ենք Միասնական սոցիալական ծառայության Տարածքային կենտրոն, որը երեխաներին կուղղորդի` ստանալու անհրաժեշտ ծառայություններ:

Շնորհակալ ենք վստահության, համագործակցության և հաջողված համատեղ աշխատանքի համար