Ծանր իրավիճակում հայտնված 1000 ընտանիք ստանում է աջակցություն COVID-19-ի հետևանքները մեղմելու նպատակով

COVID19 food and hygiene items distribution
Երեքշաբթի, Մայիս 5, 2020

Հայաստանում Եվրոպական միության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը մարդասիրական աջակցություն (սնունդ և հիգիենայի պարագաներ) է տրամադրում Տավուշի մարզում ապրող և այս օրերին դժվարին իրավիճակում հայտնված 1000 ընտանիքի։

Տավուշի մարզպետարանի հետ միասին Վորլդ Վիժն Հայաստանն ընտրել է այն ընտանիքներին, որտեղ կարիքը հատկապես սուր է՝ այդ թվում նաև անապահով կամ բազմազավակ ընտանիքներ, միայնակ ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք։

«Տավուշ մարզպետարանի հետ միասին Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողներն ընտրել են այն ընտանիքներին, որոնք այս օրերին հայտնվել են ծանր իրավիճակում։ Սրանք մեծամասամբ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են։ Այս ընտանիքներից շատերը, անգամ մինչև արտակարգ իրավիճակը, դժվարությամբ էին հայթայթում իրենց օրվա հացը։ Սակայն այսօր, նրանց իրավիճակն իսկապես ծայրահեղ է և գնալով վատթարանալու է»,- ասում է Վորլդ Վիժնի Տավուշի մարզային ծրագրերի ղեկավար Անժելա Աթոյանը։

«Արտակարգ դրությունից առաջ մենք կարողանում էինք հացի գումար վաստակել։ Ամուսինս օրավարձով աշխատում էր դաշտերում։ Բայց երբ եղան այս սահմանափակումները, ոչ ոք չէր կարող դուրս գալ և աշխատել։ Ու մենք զրկվեցինք մեր օրվա եկամուտից», - ասում է երեսնամյա Անուշ Ղազարյանը։ Անուշը երկու երեխաների մայր է, նրա ընտանիքն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից մեկում։

Տրամադրված աջակցությունը ներառում է սննդի փաթեթներ և հիգիենայի պարագաներ նախատեսված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ առնվազն երկու  շաբաթվա համար։

«Սա մեծ աջակցություն է մեզ համար։ Ես կկարողանամ կերակրել երեխաներին՝ մինչև վիճակը կկարգավորվի», - ասում է Անուշը։