Համայնք, որը բոլոր ընտանիքների կողքին է

mrgashat family
Ուրբաթ, Մարտ 6, 2020

5-ամյա Կարինեն, 3-ամյա Անուշն ու մեկ տարեկան Գրիգորն[1] ապրում էին իրենց մայրիկի ու տատիկի հետ: Ընտանիքը վերջերս էր տեղափոխվել Մրգաշատ համայնք (Արմավիրի մարզ): Երեխաների հայրը` Արմենը, մահացել է 2018` սրտի կաթվածից: Մեկամյա Գրիգորը ծնվել է հոր մահից հետո: Երբ դեռ Արմենը կենդանի էր, ընտանիքն ապրում էր Արարատում: Մահից հետո  մայրը` Աննան` իր երեք երեխաների ու սկեսրոջ հետ հայտնվեց փողոցում, քանի որ ամուսնու եղբայրը դուրս արեց նրանց տանից: Այլ տարբերակ չունենալով` ընտանիքը տեղափոխվեց Մրգաշատ` Աննայի հայրական տուն, որտեղ ապրում էին Աննայի ծնողները եղբոր ընտանիքի և չորս բալիկների հետ: Կնոջ ծնողները ևս կարիքավորության մեջ էին, ապրում էին ծայրը ծայրին հասցնելով, և անհնար էր այստեղ ընտանիքի հաստատվելը: Տեղափոխվելով Մրգաշատ համայնք` ընտանիքը դուրս էր մնացել պետական նպաստների համակարգից: Երեխաները գտնվում էին մեկուսացված վիճակում, չէին շփվում  հասակակիցների հետ, համայնքի փոփոխության պատճառով չէին հաճախում մանկապարտեզ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ»  ծրագրի շրջանակներում   Մրգաշատ  համայնքապետարանի սոցիալական աշխատողը մարզային համակարգողի աջակցությամբ սկսեց աշխատել ընտանիքի հետ` առաջին հերթին իրականացնելով կարիքների գնահատում: Անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում նախատեսված միջամտության պլանի համաձայն` առաջին հերթին լուծվեց հիմնական կացարանի հարցը:

Մրգաշատ համայնքի համայնքապետարանի ռեսուրսներով ընտանիքին տրամադրվեց անհատույց օգտագործման կացարան, որտեղ այս պահին մայրն ապրում է իր երեք բալիկների և սկեսրոջ հետ: Ինչպես նաև  կացարանին կից տրամադրվեց հողատարածք, որը Աննան մշակում է և կարողանում ապահովել որոշակի սնունդ:

Ընտանիքի կյանքում նշանակալի իրադարձություն էր նաև այն, որ  համայնքապետարանը տրամադրեց որոշակի գույք և կենցաղային իրեր:

Համայնքային սոցիալական աշխատողի աջակցությամբ լուծվեց նաև ընտանիքի փաստացի գրանցման հարցը, վերականգնվեց պետական նպաստը:

Կարինեն ու Անուշը արդեն հաճախում են մանկապարտեզ, իսկ տատիկը ներգրավվել է համայնքի սեզոնային աշխատանքներում: Ընտանիքն ընդգրկվել է նաև Մանկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Հումանիտար աջակցություն» ծրագրում:

Իրականացրած միջամտությունների շնորհիվ այժմ Աննան, երեխաներն ու նրանց տատիկն ունեն կացարան և որոշակի  կայուն եկամուտ: Ընտանիքը գիտի, որ մշտապես ուշադրության կենտրոնում  է, այլևս մենակ չէ և ունի համայնքի, պետական և հասարական կառույցների աջակցությունը:

«Երբեք չենք իմացել, թե ինչ է համայնքապետարանը, և որ կա աշխատակից, ով կարող է քո խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Չէինք հավատում, որ գալու է մի օր, որ գլուխներս հանգիստ բարձին դնենք ու չմտածենք` վաղը ում տանն ենք քնելու», - ասում է տատիկը:

2017թ-ից մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շնորհիվ Մրգաշատ համայնքում՝ դեպքի վարման շրջանակներում, համայնքային սոցիալական աշխատողը փորձում է հզորացնել ընտանիքներին, որպեսզի վերջիններս կարողանան հետագայում ինքնուրույն հաղթահարել սեփական դժվարությունները:

[1] Հերոսների անունները և նրանց նույնականացնող մանրամասները փոխված են` անձնական կյանքի գաղտնիության իրավունքից ելնելով: