Մենք հավատում ենք Գայանեի հեքիաթին

Gayane in CDF jermuk Center
Չորեքշաբթի, Հուլիս 19, 2023

Ջերմուկում զբոսնելիս հաճախ կտեսնեք Գայանեին, որն իր մայրիկի ուղեկցությամբ շտապում է «Մանկական Զարգացման հիմնադրամի» Ջերմուկի մասնաճյուղ։ Այստեղ է, որ Գայանեին սպասում են կենտրոնի մասնագետները՝ լոգոպեդը, հոգեբանը, ֆիզիոթերապիստն ու էրգոթերապիստը։  Բազմազբաղ մայրիկն իր ուսերին երեք երեխաների խնամքն ունենալուց զատ, զբաղվում է նաև ձեռքի աշխատանքների պատրաստմամբ, նա հմուտ դերձակ է։  Օրվա խիտ գրաֆիկը չի կարող խոչընդոտ լինել, որ ընտանիքը բաց թողնի Գայանեի մասնակցությունը խմբակներին, քանի որ յուրաքանչյուր պարապմունքից հետո գրանցվող փոփոխություններն իրապես ակնհայտ են։

Մայրիկը Գայանեի համար մի փոքրիկ հեքիաթ է հորինել։ Հեքիաթում ասվում է․

- Մեր տանը գեղեցկուհի արքայադուստր ունենք, որի անունը Գայանե է, գեղեցկուհուս համար ալվան վարդ պետք է գտնենք, դա նրա առողջությունն է, որի համար պայքարում ենք բոլորս։ Աննկարագրելի է այն երջանկությունը, որ մենք զգում ենք Գայանեի ամեն փոքրիկ հաջողությունով։ Մենք հավատում ենք, որ հաղթելու ենք հրեշին, հավատում ենք հեքիաթի ամենաբարի ավարտին, այսինքն Գայանեի կյանքի ընթացքը կփոխվի․ նա կառողջանա։

Հեքիաթում կկարդաք նաև Գայանեի փոքրիկ քրոջ և եղբոր հոգատարության մասին․ նրանք գիտեն, որ մշտապես պետք է հոգ տանեն իրենց քրոջ մասին, քանի որ մայրիկը երբեմն չի հասցնում, իսկ հայրիկը վարորդ է, նա ևս շատ ժամանակ չի կարողանում հատկացնել երեխաներին։

Գայանեի՝  կենտրոնում անցկացրած ժամանակը ընտանիքի համար իսկապես մեծ աջակցություն է, քանի որ այդ ընթացքում Գայանեն խաղաղվում է, ինտեգրվում և շփվում է իր հասակակիցների հետ,  ցուցադրում իր հմտությունները, որոնք սովորում է կենտրոնում։
Մենք ևս հավատում ենք մայրիկի հեքիաթին և վստահ ենք, որ շատ մոտ ապագայում բոլորս Գայանեի առողջացմամբ և հաջողություններով ուրախանալու հնարավորություն ենք ունենալու։