Նունեն հաջողակ ձեռնարկատեր է և վառ օրինակ այլ կանանց համար

Article image
Երեքշաբթի, Նոյեմբեր 29, 2022

Ոչ ֆորմալ կրթության հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությունը, իր ընտանիքի ու համայնքի համար օգտակարը ստեղծելու կամքը, ինչպես նաև կնոջ դերի, հմտությունների, կարողությունների ու ուժի մասին հանրությանն ապացուցելու մեծագույն ցանկությունը մղում էին Նունեի համար՝ սկսելու իր սեփական բիզնեսը համայնքում, որտեղ կանանց դերի վերաբերյալ կա ձևավորված թյուր կարծրատիպ։

Այսօր, Ճամբարակի համայնքից Նունեն հանդիսանում է չորս բիզնեսների հիմնադիր և համահիմնադիր, մասնավորապես՝ «Նռան հատիկ» համայնքային զարգացման հիմնադրամի համահիմնադիր, «Նունե» հյուրատան, «Բերքի տուն» սոցիալական ձեռներեցության և «Թեյեր ու չրեր» արտադրության հիմնադիր։

Նունեի պատմությունը՝ որպես ձեռնարկատեր, սկիզբ է առել իր դստեր ծնունդով։ Երբ երիտասարդ մայրիկը զբոսնում էր իր փոքրիկի հետ, շարունակ ուսումնասիրում էր միջավայրը՝ հասկանալով, որ այն առկա ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու մեծ հնարավորություններ ունի։ Նունեն հատկապես ուշադրություն էր դարձրել Ճամբարակի ալպիական գոտիներին և բազմաթիվ այգիներին, որտեղ կարելի է գտնել տարատեսակ խոտաբույսեր՝ թեյի արտադրության համար, և անուշահամ մրգեր՝ պահածոների ու չրերի արտադրության համար։

Հենց այս մտքերով ոգեշնչված՝ Նունեն սկսեց իր նախաձեռնությունները՝ մասնակցելով նաև ՄԱԶԾ «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրին, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարական զարգացման համագործակցության և ՄԱԿ Կանայք կազմակերպության կողմից, և իրականացվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ։ Այս ծրագրի աջակցությամբ Նունեն սկսեց բարձրարժեք մշակաբույսերի իր արտադրությունը՝ սրանով ապացուցելով նաև, որ կինը ևս կարող է ձեռնարկատեր լինել, միաժամանակ հոգալ ընտանիքի մասին և արժեք ստեղծել համայնքում։

Նունեն միացավ նաև ՄԱԶԾ վերոնշյալ ծրագրի երկրորդ փուլին՝ Վորլդ Վիժն կազմակերպության կողմից իրականացվող «Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» ծրագրին։ Այս ծրագիրն օգնում է Գեղարքունիքի և Շիրակի խոշորացված համայնքների կանանց ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ՝ համայնքում առավել ակտիվ քաղաքացի դառնալու, ձայն բարձրացնելու և առաջարկելու գաղափարներ` համայնքի համապարփակ զարգացման համար։

Ծրագրի մասնակիցը լինելով՝ Նունեն նաև հանդիսանում է վառ օրինակ և շարժիչ ուժ մյուս կանանց համար՝ սովորելու, ավելի հմուտ դառնալու, սեփական ներուժը ճանաչելու և գնահատելու, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու հարցում՝ ի բարօրություն իրենց ընտանիքների ու համայնքի։