Սիսիանում արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ազնվամորու փառատոնը

Raspberry producers group in Raspberry fest
Երկուշաբթի, Հուլիս 29, 2019

Այսօր Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել էին Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:

«Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով փառատոնը հնարավորություն տվեց Սյունիքի մարզի 70 ազնվամորի արտադրողներին ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը, և ինչն ամենակարևորն է՝ ծանոթանալ հնարավոր գնորդների հետ հետագա համագործակցության ակնկալիքով:

«Լավ կլիներ, որ նման միջոցառումները մեր մարզում շատ լինեն: Այս միջոցառումները նպաստում են տուրիզմի զարգացմանը Սյունիքի մարզում», - ողջույնի խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

«Երեխաների բարեկեցությունը ուղղակիորեն կապված է նրանց ընտանիքների բարեկեցության հետ: Արտադրողներին հզորացնելով` Վորլդ Վիժնը նպաստում է նրանց եկամուտների աճին, իսկ արտադրողներն էլ ստացված եկամուտներով կարողանում են ստեղծել բարեկեցիկ միջավայր իրենց երեխաների զարգացման համար», - ասաց Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը:

Փառատոնի հագեցած օրակարգը ներառում էր ազգային և ժամանակակից երգ ու պար, հայկական ավանդական գաթայի և ազնվամորու հյուրասիրություն, խաղարկություններ, մրցույթներ և անակնկալներ: Միջոցառմանը ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանը, DJ Smoke-ը, Սոֆի Դևոյանի Մշակույթի կենտրոնի սաները: Մասնակցիներին ուրախացրին նաև լարախաղացը և բազմաթիվ այլ մանկապատանեկան խմբեր: Փառատոնի ընթացքում առանձնացված էր նաև երեխաների համար նախատեսված գոտի, որտեղ երեխաները նկարում էին ու տարբեր աշխատանքներ պատրաստում:

Նախորդ 4 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանը Սյունիքի մարզում հիմնել է Ազնվամորի արտադրողների 8 խումբ՝ 70 ֆերմերներով: Վորլդ Վիժն Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրերն իրականացվում են Տեղական արժեշղթաների զարգացման մոդելով, որի նպատակն է ավելացնել տեղական արտադրողների եկամուտները՝ կոլեկտիվ ջանքերի միջոցով: Վորլդ Վիժնն աջակցում է հիմնականում ոչ բավարար եկամուտ ունեցող ֆերմերներին ՝ ընդլայնելու նրանց պատկերացումը շուկայի պահանջարկի վերաբերյալ, ինչպես նաև զարգացնելու նրանց սակարկելու կարողությունը, ինչը կհանգեցնի արտադրանքից ստացվող շահույթի ավելացմանը: Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում Վորլդ Վիժնն անմիջականորեն աշխատում է 8744 համայնքային արտադրողների հետ: Այս միջամտությունների արդյունքում արտադրողների 34976 երեխաների կյանքում արձանագրվել են դրական փոփոխություններ