
Վորլդ Վիժնը նպաստում է կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացի բարելավմանը Հայաստանի մարզային բուժհաստատություններում
Վորլդ Վիժնը հրավիրել է առցանց հանդիպումների շարք երկրի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների և մարզային բուժհաստատությունների աշխատակիցների մասնակցությամբ՝ արձագանքելով վերջիններիս կարիքին՝ ստանալ մանրամասն ուղղորդում և պարզաբանումներ կորոնավիրուսի տարածման կանխարգելման, թեստավորման և հիվանդների բուժման կազմակերպման վերաբերյալ։
«Մարզային բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ մեր քննարկումները ցույց տվեցին, որ թեպետ պետական մարմինները պաշտոնական ուղեցույցներ տրամադրել են կորոնավիրուսի կանխարգելման, թեստավորման և բուժման վերաբերյալ, այլունամենայնիվ, կան բազմաթիվ հրատապ հարցեր և անհստակություններ։ Այս առցանց հանդիպումների նպատակն է օգնել երկու կողմերին էլ․ մարզային բուժաշխատողներն ունենան հստակ պատկերացումներ ընթացքի վերաբերյալ, իսկ պետական մարմինները հասկական մարզային բուժհաստատությունների խնդիրները», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի առողջապահական հարցերով փորձագետ Կարինե Աբելյանը։
200 բուժաշխատող Հայաստանի 6 մարզերից մասնակցել են առցանց քննարկումներին՝ տալով իրենց հուզող մի շարք հարցերը ՀՀ առողջապահության նախարարության, Պետական առողջապահական գործակալության և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին։ Հարցերի թեմաները բազմազան էին՝ թեստավորում, հիվանդների տեղափոխում, պաշտպանիչ անհատական պարագաների անհրաժեշտություն, թթվածնի ապարատների կարիք, հիվանդների գրանցման խնդիրներ և այլն։
«Ես ուրախ եմ, որ սա զուտ դասախոսություն չէր, այլ պրակտիկ և կենդանի քննարկում։ Քանի որ ես իմ տարածքում ունեմ կորոնավիրուսով վարակված պացիենտ, ուրախ եմ, որ քննարկեցինք բուժման սխեմաները, կազմակերպչական խնդիրներ, և իմ հարցերը ստացան պատասխաններ անմիջապես ներկայացուցիչների կողմից», - ասում է Լոռու մարզի Օձուն համայնքի ամբուլատորիայի վարիչ Անահիտ Նալբանդյանը։
«Վորլդ Վիժնի համար առաջնային է համայնքների ներկայացուցիչների ձայնը լսելի դարձնել։ Մենք կշարունակենք աշխատել ինչպես պետական մարմինների, այնպես էլ մարզային բուժաշխատողների հետ, որպեսզի նպատակային աջակցություն տրամադրենք և հասնենք կորոնավիրուսով հիվանդների բուժման որակի բարելավմանը Հայաստանի մարզերում», - ասում է Կարինե Աբելյանը։
Կորոնավիրուսով պայմանավորված համավարակի արձագանքման շրջանակներում Վորլդ Վիժնը նաև պլանավորում է մարզային բուժհաստատություններին տրամադրել անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ՝ վարակի տարածումը կանխելու և հիվանդների բուժման որակը բարելավելու համար։