Վորլդ Վիժնի օգնությամբ Շաքեի ընտանիքը ոտքի է կանգնում

Poverty graduation _ Armenia_ Shaqeh
Ուրբաթ, Հուլիս 9, 2021

Շաքեն ազգությամբ եզդի է: Եզդիական ընտանիքներում աղջիկները շուտ են ամուսնանում. Շաքեն քառասունմեկ տարեկան է, բայց արդեն երեք թոռնիկ ունի: Ամուսինը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, բայց տան ծախսերի համար բավարար գումար չի ուղարկում: Շաքեն աղջիկներին արդեն ամուսնացրել է, իսկ ինքն ապրում է որդու՝ Ջալադի հետ: Երեխա ժամանակվանից սիրել է նկարել, նույնիսկ մասնակցել մրցույթների ու մի անգամ շահել արծաթե մեդալ: Սակայն նկարչության մեջ տաղանդավոր Շաքեն չի շարունակել ուսումը:

Չունի ընտանի կենդանիներ, գումար վաստակելու համար կթում է հարևանների կովերը: Տունը հողակտոր էլ չունի, չկան նաև պտղատու ծառեր:

Միակ տղան ունի տեսողական խնդիրներ. «Ջալադս շլություն ունի, հարկավոր է վիրահատություն, բայց հիմա գումար չունենք, պետք է սպասենք ավելի լավ օրերի: Դժվարությամբ եմ մեծացնում` մի կերպ հասցնելով: Բայց հրաշքով մեզ հանդիպել են Վորլդ Վիժնի մարդիկ: Տղայիս ապահովում են սնունդով, տաք շորերով: Ես երևի երբեք լվացքի մեքենա չէի գնի, քանի որ թանկ է, բայց իրենք բերեցին մեզ համար, նաև սառնարանով ապահովեցին: Տան կտուրն այնքան էր կաթացել, որ գարնանը տանը մեծ թասեր դնելով էինք ապրում, անձրևաջուրը տուն էր թափվում… տատիկիս հին տունն է: Դիմեցի, օգնեցին, եկան տանիքն էլ նորոգեցին: Անսահման շնորհակալ եմ իրենցից: Երբ դիմում եմ Վորլդ Վիժնին, ոչ մի անգամ չեն մերժում»:

«Շաքեի տղայի հետ այժմ հոգեբան է աշխատում, քանի որ երեխան շատ էր տարվել հեռախոսային խաղերով, և հոգեբանի օգնությամբ Ջալադը հասկացավ դրա վատ կողմերը», - պատմում է Վորլդ Վիժնի սոցիալական աշխատող Աստղիկ Մամբրեյանը:

13-ամյա Ջալադը սիրում է գրականություն և հատկապես Պ. Սևակի բանաստեղծությունները. «Գրականություն շատ եմ սիրում, բայց ծրագրավորող եմ դառնալու: Չգիտեմ որտեղ կսովորեմ, բայց ծրագրավորումը շատ կարևոր է հիմա, բոլորն այդպես են ասում», - ասում է Ջալադը:

«Մեր սոցաշխատողը մի օր ասաց, որ կարող եմ խնայողության դասերի մասնակցել, գնացի ու շատ նորություններ իմացա՝ ինչպե՞ս օգտվել վարկային կազմակերպություններից, ինչպե՞ս զգուշանալ, որ չսխալվեմ: Ֆինանսական գրագիտության դասին իմացա, որ խնայել չի նշանակում ժլատություն անել, կարելի է հաշվարկել ունեցածը և քիչ-քիչ ծախսել», - կիսվում է Շաքեն:

Նա սիրով է հաճախում դասընթացներին, նաև մի քիչ կտրվում է առօրյա խնդիրներից: