Զեփյուռն այսօր լիահույս է, որ շուտով կկարողանա ապահովել իր երեխաների բարեկեցիկ կյանքի համար

Poverty graduation _ Armenia_ Zepyur
Ուրբաթ, Հուլիս 9, 2021

Մեզնից ոչ ոք նախապես չգիտի, թե ինչպե՞ս է դասավորվելու իր կյանքը: Մենք երազում ենք, բայց իրականությունն այլ է:

Զեփյուռն ամուսնացել է Երևանում, աղջկա ծնվելուց հետո՝ ամուսնալուծվել է ու վերադարձել հայրական տուն, ուր ապրում էին հայրը, մայրը, երկու եղբայրեները, որոնցից փոքրն՝ իր աղջկա հասակակիցն է: Որոշ ժամանակ հետո՝ մահանում է մայրը, և տան կնոջ հոգսն ամբողջությամբ ընկնում է նրա ուսերին: Ի սկզբանե ընտանիքն ապրել է վատթարագույն պայմաններում՝ վագոն տնակում: Բավական ուշ՝ պետական միջոցներով, նրանց համար ձեռք է բերվել տուն, որը գյուղի հին տներից մեկն է, թեպետ փոխվել են տանիքը և պատուհանները:

«Դժվար ենք ապրում, մորս մահից հետո ավելի դժվարացավ։ Ինքն ինձ շատ էր օգնում, նաև տան միակ գումար աշխատողն էր: Ապառիկով հեռուստացույց էինք գնել, հիմա աշխատում եմ, որ փակեմ պարտքը: Իմ ժամանակը չի հերիքում, որ լիարժեք խնամեմ երեխաներիս, աշխատում եմ Երևանում, ապրում եմ բարեկամի տանը», - պատմում է Զեփյուռը:

Տասներկու տարեկան Մոնիկան մայրիկի օգնական է, տան գործերում փորձում է օգնել և ունի մեծ երազանք. «Ես երազում եմ երգչուհի դառնալ, բայց ամաչում եմ բոլորի մոտ երգեմ: Մեր տունը սիրում եմ, պապիկին օգնում եմ, որ գառներին արածացնի, դպրոց եմ գնում, բայց երգչուհի լինել եմ ցանկանում», - ասում է Մոնիկան:

Այս ընտանիքում խնդիրները բազմատեսակ են: Վորլդ Վիժն Հայաստանի Ապարանի գրասենյակի աշխատակիցների մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ՝ կատարվել է ընտանիքի կարիքների գնահատում և տրվել համակարգված օգնություն: Զեփյուռի ընտանիքը ներառվել է կազմակերպության «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, որը ստեղծում է հնարավորություններ բարելավելու ընտանիքի կյանքը և օգնելու նրանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։

«Անսահման շնորհակալ ենք իրենցից, եկան  ու տեսան մեր վիճակը: Տաք ջրի մասին երազել անգամ չէինք կարող, մեզ արևային ջրատաքացուցիչ տվեցին: Երեխաներին առանձին մահճակալներ տվեցին, հիմա ամեն մեկն իր տեղում է քնում: Իսկ իրենց տրամադրած գառներն ու ոչխարները մեր տան վաղվա հույն են: Սկզբում երեք ոչխար բերեցին ու երեք գառ: Հիմա հաշիվն էլ չեմ կարող հիշել՝ շատացել են: Մենք չենք մորթել կամ վաճառել կենդանիներին: Հայրիկս ու տղաներս տանում են արոտ, որ լավ արածեն ու մեծանան, հետո մտադիր ենք կաթ ու պանիր վաճառել: Մեզ շատ օգնեցին Վորլդ Վիժնից, մեր հեռավոր գյուղ են գալիս, հետաքրքրվում, սովորեցնում, թե ինչպե՞ս անենք, որ լավ ապրենք», - նշում է Զեփյուռը:

«Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցումերեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրումաջակցություն աշխատանք գտնելու հարցում:

Այս ծրագրի շրջանակներում Զեփյուռը մասնակցել է ծնողավարման, ֆինանսական գրագիտության, հիգիենայի պահպանության վերաբերյալ դասընթացների, որոնց մասին խոսում է մեծ խանդավառությամբ:

«Լավ դասեր էին, շատ կարևոր գիտելիքներ են տվել,  հաճախել եմ նաև ջրատաքացուցիչների շահագործման մասին դասերի, որ իմանամ, ինչպե՞ս օգտագործեմ: Վորլդ Վիժնը իմ երեխայի համար շատ բան է արել, երեխաս իր տարիքի համար թերքաշ է, լավ չի սնվում: Իրենք մեզ ուղեգրեցին տեղի բժիշկի մոտ, իսկ հետո Երևան՝ բուժման համար, տվեցին նաև ճանապարհածախսը: Բնաիրային ծրագիր ունեն, որով երեխայիս համար սնունդ էին բերում և ոչ միայն՝ շոր, կոշիկ, գրենական պիտույքներ, ո՞րն ասեմ…», - ասում է Զեփյուռը։

Զեփյուռն այսօր լիահույս է, որ շուտով կկարողանան լավագույնս ապահովել իր երեխաների բարեկեցիկ կյանքի համար «Ես սպասում եմ, որ մի օր բոլորս երջանիկ կլինենք… »:

Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: