Վորլդ Վիժնն օգնում է կոնֆլիկտից տուժած մարդկանց ստեղծելու կայուն եկամտի աղբյուրներ՝ կազմակերպելով նրանց կրթությունը և տրամադրելով աշխատանքային գործիքներ

Job opportunities for conflict affected people World Vision
Երեքշաբթի, Ապրիլ 6, 2021

Վորլդ Վիժնն աջակցում է կոնֆլիկտներից տուժած մարդկանց՝ վերապատրաստվելու, նոր մասնագիտություն ձեռք բերելու և նոր աշխատանք սկսելու գործում։

Ներկայացնում ենք մեր յոթ շահառուներին, որոնք այսօր արդեն անցել են մի քանի ամիս տևած դասընթացները՝ ոսկերչություն, հագուստի մոդելավորում, վարսահարդարում, մատնահարդարում թեմաներով, գրանցել են զգալի հաջողություններ, աչքի են ընկել նպատակասլացությամբ և հաջողության հասնելու իրատեսական ծրագրեր են կազմել։

Վորլդ Վիժնը նրանց տրամադրել է նաև աշխատանքային գործիքներ, որոնք թույլ կտան բարելավել աշխատանքի որակը, տրամադրել նոր և որակյալ ծառայություններ, ավելացնել հաճախորդների թիվը։

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Կայուն լուծումներ տեղահանված և կոնֆլիկտից տուժած անձանց համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների և միգրացիայի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Հեղինե Հարությունյանը մատնահարդար  է, նախքան ծրագրին միանալը գաղափար չի ունեցել, թե ինչպես կարող է աշխատել, - «Երեք ամիս տևած դասընթացների ընթացքում ես հասկացա, որ հետագայում կարող եմ ունենալ սեփական բիզնես։ Ես չեմ ունեցել ոչ մի գործիք, եթե այս գործիքները չլինեին, ես ոչինչ չէի կարողանա անել, սա մեծ հնարավորություն է փոխելու իմ կյանքը», - ասում է Հեղինեն։

-----------------

Հերմինե Սարյանը վարսահարդար է, նախքան ծրագրին միանալն արդեն մասնակցել էր դասընթացների, սակայն այս ծրագրի շնորհիվ անցած վերապատրաստումը թույլ տվեց նրան կայանալ որպես լավ վարսահարդար, և աշխատանք գտնել գեղեցկության սրահում։ «Այս գործիքներն ինձ ուղղակի անհրաժեշտ էին։ Հուսով եմ՝ դուք շուտով կգաք ինձ այցի և կտեսնեք, թե ինչքան լավ եմ ես աշխատում։ Սա ինձ համար կարևոր քայլ էր դեպի լավ աշխատանք, որպեսզի ես կարողանամ կայանալ», - ասում է Հերմինեն։

----------------

Սուրեն Քարամյանը սովորում է ոսկերչություն, ամիսներ առաջ ընտանիքով տեղափոխվել է Արցախից՝ այնտեղ թողնելով ամեն ինչ։  «Գործիքները ինձ շատ անհրաժեշտ էին, քանի որ ես սովորում եմ ոսկերչություն, բայց այս գործիքները ինձ հնարավորություն կտան աշխատել որպես ոսկերիչ։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Առաջ շատ լավ էինք ապրում, իսկ այսօր զրոյից եմ սկսում։ Հուսով եմ՝ կհասնեմ այն ամենին, ինչ ունեցել ենք», ասում է Սուրենը։

----------------

Հռիփսիմե Մնացականյանը հագուստի մոդելավորում է սովորել, և նախկինում ընդունում էր միայն անկողնային պարագաների և սփռոցների պատվերներ։Քանի որ չուներ եզրակարող մեքենա (оверлок), չէր կարողանում հագուստի պատվերներ ևս ընդունել։ «Վորլդ Վիժնը ինձ հնարավորություն տվեց ընդլայնել իմ աշխատանքը։ Ես հիմա ունեմ «оверлок» մեքենա և կարող եմ ընդլայնել իմ փոքրիկ բիզնեսը և նոր պատվերներ ընդունել», - ասում է Հռիփսիմեն։

-----------------

Լենա Պաթմանեանը Բեյրութից է եկել։ «Ես ունեի ձիրք սովորելու վարսահարդարություն, բայց չունեի հնարավորություն։ Վորլդ Վիժնի շնորհիվ ես սովորեցի վարսահարդարում, և այս գործիքները, որ ստացա, մեծ հաջողություն են ինձ համար։ Ես տանն էլ հաճախորդներ ունեմ, բայց ուզում եմ նաև սրահում աշխատել», - ասում է Լենան։