#COVID19․ կանգնելով ամենախոցելիների կողքին

COVID19 food and hygiene items distribution
Երեքշաբթի, Ապրիլ 21, 2020

Մարտի 17-ին Վորլդ Վիժն Հայաստանը դրամահավաք սկսեց` աջակցելու արտակարգ իրավիճակի օրերին էլ ավելի ծանր վիճակում հայտնված ընտանիքներին: Բազմաթիվ սրտացավ մարդկանց շնորհիվ հաջողվեց մեկ ամսվա ընթացքում սնունդ և հիգիենայի պարագաներ տրամադրել 751 ընտանիքների, որտեղ կարիքն ավելի սուր էր այս օրերին:

Սննդի փաթեթները բաժանվել են Երևանում, Վարդենիսում, Կապանում, Գյումրիում, Սիսիանում, Ճամբարակում, Նոյեմբերյանում, Թալինում, Գավառում, Ալավերդիում և Ամասիայում:

ՀՀ-ում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում հատկապես ծանր է ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների և նրանց ընտանիքների համար։

Այս ընտանիքներում եկամտի աղբյուրը օրավարձով անկանոն աշխատանքն է կամ նպաստը, բացի այդ՝ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ չունեն խնայողություններ և այս դժվարին իրավիճակում ունեն մարդասիրական օգնության կարիք։

Վորլդ Վիժն Հայաստանը ամենօրյա աշխատանքներ է տանում մոտ 4000 առավել խոցելի ընտանիքների հետ, որոնցից առանձնացվել են այն ծայրահեղ աղքատ  այն ընտանիքները, որտեղ կարիքն առավել սուր է։ Նրանցից յուրաքանչյուրը նույնիսկ մինչև արտակարգ դրությունն ուներ օրվա հացի խնդիր, բայց այսօր խնդիրն էլ ավելի օրհասական է դարձել, ինչն ավելի կսրվի մոտակա ժամանակահատվածում:

Եթե նախկինում ընտանիքի անդամներից գոնե մեկը կարողանում էր օրավարձով տարատեսակ աշխատանք անել (շինարարության մեջ ներգրավվել, մաքրություն անել և այլն), ապա հիմա դա դարձել է գրեթե անհնարին: Բացի այդ՝ շատ խանութներ, հատկապես գյուղական համայնքներում, այլևս պարտքով սնունդ չեն տալիս, քանի որ առկա քանակների, վաճառքի ծավալների և գների աճի պարագայում,  նախընտրում են մթերքը վաճառել  կանխիկ գումար ունեցողներին: