Երիտասարդ, գործունյա և երազող․ Գայանեն լավ ապագա է կառուցում իր երեք երեխաների համար

Poverty graduation _ Armenia_ Gayane
Հինգշաբթի, Հուլիս 15, 2021

Գյուղում շատերն են ճանաչում դերձակ Գայանեին: Երեք երեխաների երիտասարդ մայրիկը փոքրուց սիրել է կար ու ձև: Սովորել է հագուստի մոդելավորում և կար: Ձեռքով շատերի համար է կարել հագուստներ, շատերի համար է շտկել հագուստի թերություններ, շուղագործության և ասեղնագործության սիրահար է և շատ հաճախ նվերներ է անում մտերիմներին: Ամուսնանալուց հետո էլ սիրած գործը չի թողել և միշտ երազել է սեփական աշխատանքի և կարի մեքենայի մասին: Ապրում են բավական հին տանը, բակում ունեն հողակտոր, որ մշակում են և գոհանում իրենց բերքով:

«Ավարտել եմ հագուստի գեղարվեստական մոդելավորում բաժինը: Սիրում եմ ձեռագործ աշխատանքներ: Արդեն վեց տարի՝ շուղագործությամբ առցանց պատվերներ եմ կատարում, բայց երազում էի կարի մեքենայի և ավելի լուրջ գործերի մասին: Ամուսինս միշտ մեկնել է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, բայց հիմա վնասվածք ունի և էլ չի կարող աշխատել: Ապրում ենք մեր համեստ միջոցներով՝ օրավարձով աշխատանք  կամ հողագործություն:

«Մի օր, 2018 թվականին, Վորլդ Վիժնից եկան մեր տուն: Ծնվել էր Քնարիկս, տեսան մեր պայմանները և երեխայիս գրանցեցին իրենց ծրագրում, տեսան նաև որ պատրաստի աշխատանքներ ունեմ՝ շրջազգեստներ, շապիկներ...զրուցեցինք և առաջարկեցին, որ կարի մեքենա տան, և ավելի լուրջ զբաղվեմ իր սիրելի գործով», - ոգևորված պատմում է Գայանեն:

Գայանեն անցել է վերապատրաստում և հիմա արտադրական տեսքի շապիկներ, զգեստներ է կարում, պատվերների պահանջն էլ է փոխվել և ավելի հաճախ երեկոյան զգեստներ է կարում:

«Ես էլ ստացված եկամուտով գեղեցիկ ժանյակներ եմ պատվիրում, թելեր և կտորներ եմ գնում, ճիշտ է՝ թանկ են, բայց գործի որակի համար քիչ քանակով ձեռք եմ բերում: Անկողնային պարագաներ էլ եմ կարում: Հավանում են իմ աշխատանքները, հաճախորդներս են ինձնից սարքում լավ վարպետ», - համեստորեն ասում է Գայանեն:

Գայանեի փոքրիկը՝ երկու տարեկան Քնարիկը, մայրիկի օգնականը չէ, բայց ոգևորության աղբյուրն է: «Աղջկաս համար էլ եմ կարում, իհարկե իմ երեխայի համար ժամանակ այդքան չի մնում, աշխատում եմ գումար վաստակել», - խոստովանեց Գայանեն:

«Տեսնելով Գայանեի հմտությունները և պատրաստակամությունը ավելիին հասնելու, որոշեցինք նրան ընդգրկել Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, որպեսզի գործիքների և գիտելիքների օգնությամբ բարելավենք նրանց ընտանիքի կյանքը»,- նշում է Միքայել Թութոյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Ամասիայի գրասենյակի համակարգող։

Վորլդ Վիժնի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը ենթադրում է իրար հաջորդող, բազմասեկտորալ միջամտություններ, որոնք օգնում են ծայրահեղ աղքատ ընտանիքին դուրս գալ աղքատությունից: Աջակցությունը ներառում է սոցիալական աշխատանք ընտանիքների հետ, գումարային աջակցություն՝ ամենահրատապ կարիքները հոգալու համար, ընտանիքի անդամների մասնագիտական վերապատրաստումներ, ծնողավարական հմտությունների ուսուցում, երեխաների առողջ սնուցման և հիգիենային վերաբերյալ գիտելիքների տրամադրում, աջակցություն աշխատանք գտնելու հարցում:
 

Չնայած ժամանակի սղությանը՝ Գայանեն սիրով է հաճախել Վորլդ Վիժնի կազմակերպած դասընթացներին, որոնք նրան օգնել են շատ հարցերում, - «Ֆինանսական գրագիտության դասընթացը շատ օգտակար տեղեկություն տվեց: Երբեք չէի մտածի, որ գումար խնայելն այդքան կհեշտանա: Առաջ մտածում էի, որ դա անհնար է, մանավանդ երբ քիչ եկամուտ ունենք, բայց հիմա փորձում ենք խնայողաբար և հերթով անել մեր ծախսերը, քիչ քիչ ստացվում է: Մեծ երազանք ունեմ, որ նորոգենք մեր տունը, որ էլ խոնավ չլինի ու ամուր տանիք ունենա: Երազաքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում, իսկ ես շատ-շատ եմ ցանկանում՝ ուրեմն կստացվի», -վստահեցնում է Գայանեն:

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի արդյունավետությունը կայուն է: Մասնակցող ընտանիքների 48%-ը հաղթահարել է ծայրահեղ աղքատությունը, 90%-ի մոտ աճել է տարեկան եկամուտը, երեխաների 77%-ի առողջական վիճակը բարելավվել է, իսկ ընտանիքների 82%-ում էապես դեպի դրականն է փոխվել՝ կյանքի որակը: