Եվրամիության և Վորլդ Վիժն Հայաստանի նախաձեռնությամբ Գյումրիում կայացավ «Լինելով ակտիվ՝ միացի՛ր փոփոխությանը» հանրային խոսքի միջոցառումը

Youth: Today and Tomorrow
Երկուշաբթի, Դեկտեմբեր 13, 2021

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Լինելով ակտիվ՝ միացի՛ր փոփոխությանը (ԼԱՄՓ)» հանրային խոսքի միջոցառումը «ԵՄ-ն հանուն երիտասարդության բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի` այսօր և վաղը» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումն իրականացվել է «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ։

ԼԱՄՓ հարթակի շրջանակներում Երևանը, Թալինը, Վարդենիսը, Ճամբարակը, Գյումրին, Ամասիան ներկայացնող 40 երիտասարդ ներկայացրեցին 11 ելույթ կրթությանն առնչվող թեմաներով։ Քննարկվեցին կրթության այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են՝ ոչ ֆորմալ կրթությունը հանրակրթական դպրոցներում, COVID-19-ի ազդեցությունը կրթական համակարգի վրա, բուլինգը դպրոցում, մարզաբնակ երիտասարդների կրթական խնդիրները, մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրը, ռազմամարզական կրթությունը, ինքնակրթության դերն ու նշանակությունը և այլն։

«ԵՄ-ն հանուն երիտասարդության բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի` այսօր և վաղը» ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը նշում է․ «Նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ներկայացնելու կրթական ոլորտում առկա խնդիրները և հանդես գալ այդ խնդիրների լուծման առաջարկություններով։ Նմանատիպ ներկայացուցչական քննարկումների կարևորագույն նպատակներից մեկը նաև երիտասարդների և կրթական համակարգի համար գործառնական որոշումներ կայացնողների միջև երկխոսության, կապի ապահովումն է։ Միայն երկխոսության շնորհիվ կարող ենք լսելի դարձնել երիտասարդների ձայնը և ներգրավել նրանց կրթական համակարգի բարեփոխման գործընթացներում»։

Լիանա Սարգսյանը նաև նկատեց, որ երիտասարդ մասնակիցների զեկույցներում կարմիր թելի պես անցնում էր կրթության որակի վերաբերյալ մտահոգությունը։ Երիտասարդները շեշտում էին, որ վատ որակի կրթությունն ուղղակիորեն անդրադառնում է երկրի աշխատաշուկայի, հետևապես նաև տնտեսության վրա՝ ընդգծելով, որ կրթության որակի բարելավումն ուղղակիորեն ազդելու է հասարակության բարեկեցության վրա։

Երևանը ներկայացնող երիտասարդներից Մերի Հաջյանը, խոսելով միջոցառման ընթացքում հնչեցված կրթական խնդիրների մասին, ցանկություն հայտնեց, որ ուսուցիչներն առարկան դասավանդելիս ավելի շատ շեշտադրեն առարկայի գործառնական կիրառությունը, քանի որ միայն այդպես հնարավոր կլինի ձեռքբերված գիտելիքներով պրակտիկ օգուտ տալ երկրին և հասարակությանը։