Symphony Orchestra

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպան

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, այսուհետ հանդես կգա որպես Վորլդ Վիժն Հայաստանի բարի կամքի դեսպան․ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և մաեստրո Սերգեյ Սմբատյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պատրաստակամ է աջակցել Վորլդ Վիժն Հայաստանին՝ բարձրաձայնելու Հայաստանում ապրող երեխաների խնդիրների և դրանց լուծման ճանապարհների մասին, ինչպես նաև միավորելու ջանքերը հանուն Հայաստանի երեխաների բարօրության կազմակերպվող ֆոնդահայթայթման նախաձեռնություններում։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է «ԴասA» կրթական ծրագրի շրջանակում այցեր կատարել Հայաստանի մարզերում գտնվող Վորլդ Վիժնի «Նավակ» ցերեկային կենտրոններ՝ ծանոթացնելով երեխաներին ու երիտասարդներին դասական երաժշտությանը‚ երաժշտական գործիքներին‚ նվագախմբի կառուցվածքին և առնչվող այլ թեմաների:

 «Մենք հավատում ենք, որ դասական երաժշտությունը կարող է փոխել երեխաների կյանքի որակը, և ուրախ ենք համագործակցել`  նկատելի արդյունք ստանալու համար»,- ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Շնորհակալ ենք վստահության համար. մեծ հույս ունեմ, որ համագործակցությունն արդյունավետ է լինելու և օգնելու է փոխել ավելի մեծ թվով երեխաների կյանքը: Վստահ եմ` կարողանալու ենք ձեր օգնությամբ երեխաներին ավելի մոտեցնել երաժշտությանը, մշակութային արժեքներ սերմանել և բարելավել նրանց կյանքի որակը»,- նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 2005թ. նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ Նվագախումբը երաժշտասերներին ներկայանում է հարուստ և բազմազան երկացանկով` տարեկան ավելի քան 50 համերգներում ընդգրկելով երաժշտական ամենատարբեր ժանրեր և կատարողական ձևաչափեր: Նվագախումբը կատարումների վիրտուոզությամբ և ճշգրտությամբ վաստակել է ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային հեղինակություն` արժանանալով բազմաթիվ դրական գնահատականների անվանի քննադատների և արվեստաբանների կողմից: Նվագախմբին հյուրընկալել են բազմաթիվ աշխարհահռչակ համերգասրահներ, այդ թվում` Օպերա Գառնյե (Փարիզ), Կոնցերտհաուս (Բեռլին), Դոկտոր Անտոն Ֆիլիպսի համերգասրահ (Հաագա), Չայկովսկու անվ. համերգասրահ, Կոնսերվատորիայի մեծ դահլիճ (Մոսկվա), Բարձր արվեստների պալատ (Բրյուսել), Էլբայի ֆիլհարմոնիա (Համբուրգ), Թագավորական թատրոն (Մադրիդ), Դուբայի օպերա, Բարբիկան կենտրոն (Լոնդոն) և այլն: Նրան բազմիցս անդրադարձել են համաշխարհային կարգի այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, սըր Կառլ Ջենքինսը, Գիա Կանչելին, Տիգրան Մանսուրյանը, և մի շարք ականավոր կատարողներ՝ Վալերի Գերգիև, Վլադիմիր Սպիվակով, Մաքսիմ Վենգերով, Դենիս Մացուև, Վադիմ Ռեպին, Վահագն Պապյան, Բորիս Բերեզովսկի, Զահար Բրոն:

Վորլդ Վիժն Հայաստանի մասին

Վորլդ Վիժնն ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ Հայաստանում իր գործունեությունը կազմակերպությունը սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսել է իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանը ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։