«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում

Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներ
Չորեքշաբթի, Օգոստոս 4, 2021

Այսօր  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում։

Միջոցառմանը քննարկվող փոփոխություններն ու լրացումները վերաբերում են բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը։ Այն կերաշխավորի պետական համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների առավել ներդաշնակ փոխգործակցությունը։ 

Այն կազմակերպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ գործող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը, որն իրականացնում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ գործակցությամբ։

«Ավելի քան չորս տարի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրն աշխատել է Հայաստանի համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ: Երբ մենք միասին սկսեցինք այս ճանապարհորդությունը, երկրում ընդամենը ութ համայնքային սոցիալական աշխատող կար: Այժմ՝ 87 համայնքում գործում են 91 սոցիալական աշխատողներ։ Մենք հպարտ ենք, որ մենք եղել ենք այս հաջողություններին նպաստող կողմերից մեկը», - իր ելույթում նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն։

«Համայնքային սոցիալական աշխատողները սոցիալական պաշտպանության համակարգի առաջամարտիկներն են: Նրանք այն մասնագտները են, որոնք վաղ հայտնաբերում են առկա սոցիալական խնդիրները, ինչպես նաև մեծ դեր ունեն այդ խնդիրների կանխարգելման գործառույթում։ Ողջունելի է, որ մեր պետությունը այսչափ կարևորում է սոցիալական խնդիրների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, քանի որ ցանկացած ֆինանսական ներդրում վաղ հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ խնայելու է ավելի բարդ խնդիրների համար ծախսվող պետական ռեսուրսները», - իր խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։  

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում կարևորեցին համայնքային սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումն ու տարածքային ինքնակառավարման մարմինների ինքնավար զարգացման պայմանների բարելավման անհրաժեշտությունը, հաջողություն մաղթեցին մասնակիցներին թե՛ քննարկման, թե՛ համատեղ աշխատանքի ընթացքում։