Վորլդ Վիժն Հայաստանը Աննա Հակոբյանին է ներկայացրել երեխաների բարօրրությանն ուղղված աշխատանքները Ճամբարակում

Anna Hakobyan visiting Poverty Graduation programme beneficiary families
Չորեքշաբթի, Նոյեմբեր 27, 2019

Վորլդ Վիժնը Հայաստանը պատիվ ուներ Աննա Հակոբյանին ներկայացնել «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում հաջողության հասած ընտանիքների պատմությունները, ինչպես նաև համայնքներում Արտադասարանական (երկարօրյա) ծառայությունները։ Այս աշխատանքների նպատակն է կանխարգելել դժվարին իրավիճակում հայտնված երեխաների մուտքը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, ինչպես նաև ապահովել բավարար պայմաններ գիշերօթիկներից տուն վերադարձած երեխաների համար։

Աննա Հակոբյանը նախ այցելեց երկու ընտանիք, որոնք, ներգրավվելով Վորլդ Վիժն Հայաստանի «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրում, զգալիորեն ավելացրել են իրենց ամսական եկամուտները։

Ավելի ուշ Աննա Հակոբյանն այցելեց Դրախտիկ բնակավայրում Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հիմնված Արտադասարանական (երկարօրյա) ծառայություն։

Դրախտիկ համայնքը տարածաշրջանի ամենախոցելի համայնքերից է։  Դրախտիկում Վորլդ Վիժնի սոցիալական աշխատողները հայտնաբերել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 36 երեխա, նրանցից 27-ը՝ դպրոցահասակ:  

Այս երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու, աղքատությունը հաղթահարելու և երեխաների լիարժեք զարգացումը ապահովելու նպատակով Վորլդ Վիժն Հայաստանը Դրախտիկում 2018 թ․-ի նոյեմբերից հիմնել է արտադասարանական(երկարօրյա) կենտրոն երկու խմբով՝ կրտսեր (8-10տ երեխաներ) և միջին (11-15տ երեխաներ)։

Այս կենտրոն է հաճախում 34 աշակերտ։ Դասերն ավարտելուց հետո այս երեխաները շարունակում են մնալ դպրոցում՝ խմբակի համար նախատեսված սենյակներում։ Երեխաները կենտրոնում ճաշում են, կատարում տնային աշխատանքները, այնուհետև մասնակցում խմբակների՝ կյանքի հմտություններ, կար ու ձև, նկարչություն, դերասանական վարպետություն, երգ, պար։

Այս պահին Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով Գեղարքունիքի մարզի 12 բնակավայրերում գործում են արտադասարանական(երկարօրյա) կենտրոններ։ Գալիք տարիների ընթացքում կազմակերպությունը պլանավորում է նման կենտրոններ հիմնել 44 բնակավայրերում։

Երեխաներն առանձնահատուկ ոգևորությամբ են հաճախում երկարօրյա, քանի որ ուսուցչի օգնությամբ հեշտությամբ կատարում են տնային աշխատանքները, շփվում են դասընկերների հետ և ձեռք են բերում նոր հմտություններ՝ սոցիալական և կյանքի հմտություններ։ Միևնույն ժամանակ երեխաների հաճախումը երկարօրյա թույլ է տալիս շատ ծնողների աշխատել, քանի որ երեխաներն ամբողջ օրը զբաղված են և խնամված։

Համայնքներում երկարօրյա ծառայության առկայությունը կարևորագույն նշանակություն ունի․ ծառայությունը թույլ է տալիս կանխել շատ երեխաների մուտքը երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ։ 

Երկարօրյա ծառայությունները մի շարք կարևորագույն խնդիրներ են լուծում երեխաների և նրանց ընտանիքների համար՝ երեխաների պատշաճ կրթության ապահովում, կանոնավոր, առողջ սնունդ, մասնակցություն արտադասարանական խմբակներին։