Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է․տոնական միջոցառումները մեկնարկեցին Գեղարքունիքի մարզից

30th anniversary in Gavar
Հինգշաբթի, Սեպտեմբեր 19, 2019

Սեպտեմբեր 18, Գավառ Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Վորլդ Վիժն Հայաստանի 30-ամյա տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու նախորդ 30 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի իրականացրած աշխատանքներին և ձեռքբերումներին, այնուհետև առանձին սենյակներում տեղի ունեցան կազմակերպության նոր ռազմավարական ուղղությունների վերաբերյալ շնորհանդեսներ։ 

Վորլդ Վիժն Հայաստանի աշխատանքները Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Վարդենիսի տարածաշրջանում 2004թ-ին: Այսօր Վորլդ Վիժնը Գեղարքունիքի մարզում ծրագրեր է իրականացնում նաև Գավառի և Ճամբարակի տարածաշրջանների ընդհանուր առմամբ 65 բնակավայրերում։

Գեղարքունիքի մարզում Վորլդ Վիժն Հայաստանը զարգացման ծրագրեր է իրականացնում 75 դպրոցներում, 39 նախակրթարաններում և 49 բուժհաստատություններում։ Մարզում Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերից անմիջականորեն օգտվում է 26764 երեխա։ Ամենօրյա աշխատանք է իրականացվում մարզի առավել խոցելի 2957 երեխայի հետ։

«Կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված թվերը շատ խոսուն են: Սա նշանակում է, որ նկատելի ծրագրեր են իրականացվել համայնքներում, դպրոցներում, մանկապարտեզներում, նախակրթարաններում, առողջապահական հաստատություններում:Մարզպետարանը մշտապես համագործակցել է «Վորլդ Վիժն Հայաստան»կազմակերպության հետ, ու վսատահ եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ կլինի ավելի արդյունավետ: Ձեր գործունեությունը, որն ուղղակիորեն առնչվում է մեր մարզի 10 հազար երեխաների հետ,որը նշանակում է նույնքան փոխված կյանքեր, նույնքան ժպիտներ: Բոլորիդ մաղթում եմ հետագա հաջողություններ»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում։ Նախորդ երեսուն տարիների ընթացքում Վորլդ Վիժնը հարյուր հազարավոր երեխաների և ընտանիքների է աջակցել, իսկ այսօր արդեն կազմակերպությունը հայտարարում է նոր ռազմավարության մեկնարկի մասին, որպեսզի մեր գործընկերների հետ շարունակենք աշխատել հանուն երեխաների բարօրության և լիարժեք կյանքի», - ողջույնի խոսքում նշեց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։  

Վորլդ Վիժնի նոր ռազմավարական նպատակն է՝ աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող,
հաշմանդամություն ունեցող, բռնության ենթարկված, և շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող երեխաներին։ Հայաստանում նրանց թիվն ավելի քան 15.000 է, Գեղարքունիքի մարզում՝ 2957: Այս երեխաների մեծ մասն ունեն ամենօրյա սննդի, հանգստի, կրթության ու զարգացման կարիք։

Առավել խոցելի երեխաների բարեկեցությունն ապահովելու համար Վորլդ Վիժնը աշխատանքներ է տանում ուղղակիորեն ընտանիքների և երեխաների հետ՝ կիրառելով աղքատության փուլային հաղթահարման մոտեցումը, ինչպես նաև հիմնում է երեխաների համար անհրաժեշտ ծառայություններ՝ ցերեկային եւ երկարօրյա կենտրոններ, անմիջապես համայնքներում։

Վորլդ Վիժնը Հայաստանում

Այսօր Վորլդ Վիժն Հայաստանն ունի 15 գրասենյակ, և կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվում է 110000 երեխա երկրի ողջ տարածքում։

Նախորդ 30 տարիների ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի հիմնական ձեռքբերումներն են՝

1.  Վորլդ Վիժնն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650.000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։

2.  2001-ից առ այսօր 50.000 երեխա մասնակցել է Վորլդ Վիժնի ամառային ճամբարներին:

3.  Շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 586 երեխա։

4.  Ամենօրյա աշխատանք է իրականացվում ծայրահեղ աղքատ 4000 ընտանիքների հետ։

5.  Կազմակերպության միջոցներով հիմնվել են 70 ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ուսանում են 2000-ից ավելի աշակերտ։

6.  Հայաստանի 70 համայնքներում կազմավորված արտադրողների 73 խմբերն արձանագրել են եկամտի կայուն աճ։

Վորլդ Վիժնը Հայաստանում իր գործունեությունն սկսեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժնը սկսեց իրականացնել արդեն զարգացման ծրագրեր։

2000-ին կրկին Գյումրիում մեկնարկեց «Երեխաների հովանավորության» ծրագիրը՝ սկիզբ դնելով համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված աշխատանքներին։