NA

Ինչպես են հովանավորները լուսավորում խոցելի երեխաների կյանքի ուղին՝ օգնելով հասնել իրենց նպատակներին

Հեռավոր 2010-ին փոքրիկ Անահիտն իմացավ, որ հովանավոր ունի Անգլիայից, որի անունը Հիլարի Սփուրիեր է։ Այն ժամանակ Անահիտն ընդամենը 10 տարեկան էր, իսկ այժմ՝ նա 21-ամյա երիտասարդ աղջիկ է, ով գերազանցությամբ ավարտել է համալսարանը և պատրաստվում է ստանալ ֆինանսների մագիստրոսի կոչում։ Այս ամենը, սակայն, հնարավոր չէր լինի առանց տիկին Հիլարիի օգնության, ով Անահիտին աջակցեց ոչ միայն համալսարանի վարձավճարով, այլև հոգալով Երևան քաղաքում ապրելու ծախսերը։

sponsorship

Միանալով Վորլդ Վիժն Հայաստանի «Երեխաների հովանավորություն» ծրագրին, որի նպատակն է աջակցել և հզորացնել խոցելի երեխաներին՝ օգնվելով նրանց ընտանիքներին և համայնքներին ազատվել աղքատությունից և բարելավել իրենց կյանքը, տիկին Հիլարին 2014թ-ին այցելեց Հայաստան՝ հանդիպելու Անահիտին և նրա ընտանիքին։

Այս անգամ հովանավորն Անահիտի հետ այցելեց Վորլդ Վիժն Հայաստանի ազգային գրասենյակ՝ հանդիպելու տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի և կազմակերպության թիմի հետ: Պարոն Դուդակլյանն իր երախտագիտությունը հայտնեց հովանավորին Հայաստանում երեխաների բարելավելու գործին անգնահատելի աջակցություն և նվիրում ցուցաբերելու համար՝ նշելով, որ Անահիտն այդ դրական փոփոխության վառ օրինակն է: Պարոն Դուդակլյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է հովանավորը որոշել աջակցել հենց Հայաստանում ապրող երեխայի:

sponsorship

Տիկին Հիլարին նշեց, որ 2010 թվականին իր ընկերներից մեկն իրեն առաջարկեց դառնալ դեսպան՝ դպրոցներում երեխաներին աջակցելու համար։ «Դասընթացի ժամանակ, որին ինձ հրավիրեցին,  առաջարկ ստացա աջակցել Հայաստանի կամ Եթովպիայի դպրոցներին: Ես շատ բան չգիտեի այդ երկու երկրների մասին, բայց որոշեցի դառնալ Հայաստանի դեսպան՝ մտածելով, որ ավելի հեշտ կլինի այցելել։ Չնայած, այն ժամանակ անգամ Հայաստանի տեղը չգիտեի, միայն գիտեի, որ նախկինում ​​ԽՍՀՄ-ի մաս է եղել»,- ասաց նա։

2014թ-ին, երբ հովանավորն առաջին անգամ եկավ Հայաստան, այցելեց Ստեփանավանի բազմաթիվ դպրոցներ։ «Ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր, և ինձ շատ դուր եկավ Լոռու մարզի գեղատեսիլ բնությունը»,- նշեց տիկին Հիլարին:

sponsorship

Առաջին անգամ նա հանդիպեց Անահիտին և նրա ընտանիքին Վորլդ Վիժնի Ստեփանավանի տարածքային ծրագրի գրասենյակում: Այդ հանդիպման և հետագա շփման ընթացքում տիկին Հիլարին իմացավ, որ Անահիտը դպրոցում լավ է սովորում և ցանկանում է ուսումը շարունակել համալսարանում։ Նա որոշեց աջակցել Անահիտին ուսում ստանալու իր նկրտումներում և աղջկան առաջ գնալու հնարավորություն տվեց: «Ես աջակցեցի, որպեսզի ուժեղացնեմ այս երեխայի ներգրավվածությունը սեփական երկիրը բարելավելու գործում»,- ասաց տիկին Հիլարին:

Երբ 2018 թվականին տիկին Հիլարին երկրորդ անգամ այցելեց Հայաստան՝ հանդիպելու Անահիտին, նա խոստացավ վերադառնալ, երբ Անահիտն ավարտի համալսարանը և կատարեց իր խոստումը 2022-ին՝ Անահիտի հետ նշելով իր կյանքի այս կարևոր իրադարձությունը։ 

sponsorship

Զրույցի ընթացքում պարոն Դուդակլյանը պատմեց Վորլդ Վիժն Հայաստանի վերափոխման և նոր ծրագրերի մասին։ Կազմակերպության ջանքերը դարձյալ միտված են լինելու աջակցելու, մեղմելու այն խնդիրները, որոնց բախվում են երկիրը և խոցելի երեխաները Հայաստանի համար այս դժվարին պահին։ Տիկին Հիլարին ցանկություն  հայտնեց հովանավորել նոր երեխային տեղական հովանավորության ծրագրի միջոցով:

«Երեխաների հովանավորություն» ծրագիրը հնարավորություն է ընձեռում կապ ստեղծել հովանավորի կարիքավոր երեխայի և համայնքի միջև՝ ստեղծելով նրանց հզորացմանը նպաստող կայուն լուծումներ, որոնք միտված են դրական փոփոխություններ բերելուն: Դա արվում է տարբեր համայնքային ծրագրերի շնորհիվ, որոնք իրականացվում են հովանավորների ամսական կուտակված նվիրատվություններով։